Կուսումնասիրվեն Հայաստանի սողանքավտանգ տեղամասերը

Կուսումնասիրվեն Հայաստանի սողանքավտանգ տեղամասերը

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ համատեղ սկսում է իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը: Սույն թվականի օգոստոսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ստորագրեցին ծրագրի ընթացքը կարգավորող արձանագրություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Աղբյուրի համաձայն՝ ծրագրի նպատակը Հայաստանում սողանքների պատճառած վնասի նվազեցումն է՝ սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի ձևակերպման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով:

Արդյունքում՝

•  կուսումնասիրվեն ՀՀ սողանքավտանգ տեղամասերը և կթարմացվի սողանքների վերաբերյալ առկա տեղեկատվական բազան.
• կկազմվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, կմշակվեն սողանքային աղետի կառավարման ուղեցույցեր, ինչպես նաև կբարելավվեն միջոցառումների համար անհրաժեշտ իրավական ակտերն ու կանոնակարգերը.
• կբարելավվի մոնիտորինգի, կանխարգելիչ, անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումների իրականացման համակարգի գործունեությունը:

Ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքն է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար, ճապոնական գործակալության կողմից կտրամադրվի տեխնիկական աջակցություն, ինչպես նաև սողանքավտանգ 2-3 տեղամասում կիրականացվի սողանքների կանխարգելման պիլոտային ծրագիր:

Ծրագրում ընդգրկված են նաև ՀՀ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:

Օգոստոս 18, 2014 at 15:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր