Ձերբակալել են ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետին

Ձերբակալել են ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետին

ԷկոԼուր

Սույն թվականի օգոստոսի 26-ին ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, պաշտոնյան ձերբակալվել է իր աշխատասենյակում ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  և  3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով:

Աղբյուրի համաձայն` հուլիսի 22-ին ձերբակալվել է  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ, 1-ին կարգի մասնագետ, Զ.  Կարապետյանը, ով  իր ծառայողական լիազորությունների շրջանակներում մի խումբ քաղաքացիների թույլատրել է արգելված  վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին  չխոչընդոտելու ու  վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար  ապօրինի  ստացել  է  ընդհանուր`  խոշոր չափերի`  975.000 ՀՀ դրամ գումար  ապօրինի վարձատրություն:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը  ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաև Ա. Լաբլաջյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոս 28, 2014 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր