

ԷկոԼուր
Երեւանում բացվել է առաջին ջերմաարդիականացված շենքը: Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան 6 հասցեում գտնվող այս շենքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունքում շենքի ջերմային էներգիայի տեսակարար բնութագիրը բարելավվել է շուրջ 60 տոկոսով` 178 կՎտժ/մ2 տարի ցուցանիշը նվազել է մինչև 74 կՎտժ/մ2 տարի: Արդյունքում հնարավոր է եղել շենքում ապահովել բավական մատչելի ջեռուցում բնակիչների համար (մոտ 287 դրամ/մ2 ամիս, 100 տոկոս ջերմային հարմարավետության մակարդակի պայմաններում): Շենքի մակարդակով տարեկան տնտեսումը կազմում է շուրջ 6 մլն. դրամ գազի և էլեկտրաէներգիայի ներկա սակագներով:
Շենքի ջերմաարդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունների համակարգման ներքո՝ 2010թ.-ից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է իրականացնել տիպային շենքերի ջերմաարդիականացում և ցուցադրել գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության ներուժը և միջոցառումների տնտեսական հիմնավորվածությունը:
Շենքի ջերմաարդիականացման աշխատանքները ֆինանսավորվել են ՄԱԶԾ-ԳԷՖ /UNDP-GEF/ ծրագրի և համաֆինանսավորվել` Երևանի քաղաքապետարանի կողմից:
Լուսանկարը` www.hraparak.am կայքի
Սեպտեմբեր 22, 2014 at 15:32
