Փոխնախարար` Հայաստանում կանաչ տնտեսության ներդրմանը խանգարում է համապատասխան օրենսդրության բացակայությունը

Փոխնախարար` Հայաստանում կանաչ տնտեսության ներդրմանը խանգարում է համապատասխան օրենսդրության բացակայությունը

ԷկոԼուր

Նոյեմբերի 7-ին Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Դեպի կանաչ տնտեսություն» 3-րդ ազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ:

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ կոնֆերանսը նպատակ ունի մեր երկրում իրազեկելու և խթանելու կանաչ տնտեսության բնագավառում տարվող քաղաքականությունը, ինչպես նաև տարածելու այդ փիլիսոփայությունը ձեռնարկությունների շրջանում և հասարակության մեջ: Որպես կանաչ տնտեսության հիմք՝ կոնֆերանսի մասնակիցները հիմնական շեշտը դրեցին ռեսուրսախնայողության վրա:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ձեռնարկությունը, որը կարողանում է խնայել իր ռեսուրսները, ստեղծում է ձեռնարկության մրցունակության հնարավորություններ: Իսկ հավասար մրցակցության դեպքում հնարավոր է խուսափել նաև կոռուպցիայից:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ինչպես երկրի կայուն զարգացման երաշխիքն է, այնպես էլ չքավորության հաղթահարման լուրջ գործոններից մեկը: «Մթնոլորտի, ջրային, հողային ռեսուրսների աղտոտումը, կենդանական, բուսական պաշարների, այդ թվում անտառների պահպանությունը, բնական ռեռուրսների կայուն օգտագործումը, արդյունաբերական և կենցաղային թափոնների կառավարումն այն լուրջ խնդիրների շարանն են, որոնք օրեցօր դառնում են ՀՀ կառավարության համար առաջնային լուծում պահանջող խնդիրներ: Հայաստանում կանաչ տնտեսության ներդրման գործընթացին խանգարում է համապատասխան օրենսդրական և մեթոդաբանական հիմքերի բացակայությունը: Գործընթացում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք աստիճանական լուծում և զարգացած երկրների կողմից զարգացող երկրներին պարտադիր օժանդակություն են պահանջում», - ասաց Խաչիկ Հակոբյանը՝ նշելով, որ այս և այլ խնդիրների լուծման համար իրենք աշխատում են ընդարձակել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը:

«ԱրմենՏել» ՓԲԸ «Բիլայն» համալսարանի ղեկավար Աստղիկ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ շրջակա միջավայրի պահպանությունը, կանաչ տնտեսության գաղափարը մշտապես «Բիլայն» ընկերության ուշադրության կենտրոնում է: Ռեսուրսախնայողությանը նպաստելու համար ընկերությունն իր աշխատակիցներին հորդորում է օգտվել էլեկտրոնային ժամանակակից հասանելի միջոցներից, էլեկտրոնային օրացույցերից նոթատետրերի փոխարեն, էլեկտրոնային գրականությունից՝ գրքերի փոխարեն: «Մենք խրախուսում ենք տպել փաստաթղթերը միայն հույժ անհրաժեշտության դեպքում և տպել երկկողմանի: Այդպիսով մենք օգնում ենք խնայել ծառերը և բնությունը, նպաստում ենք կանաչ տնտեսության ստեղծմանը: Անգամ տոների առթիվ թղթյա բացիկների փոխարեն մեր ընկերությունը մշակել է էլեկտրոնային բացիկներ», - ասաց Աստղիկ Սարգսյանը:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի խոսքով՝ քաղաքաշինության ոլորտում կանաչ տնտեսությունը մասնավորապես արտացոլվում է քաղաքների կայուն զարգացման մեջ՝  կանաչ բաղադրիչի շեշտադրմամբ: «Եթե երկրագնդի քաղաքաբնակների թիվը 20 դարի սկզբում կազմում էր 19.6 տոկոս, կեսերին՝ 29 տոկոս, իսկ դարեվերջում՝ 42 տոկոս, ապա այսօր մարդկության կեսը՝ 3.5 միլիարդ մարդ, ապրում է քաղաքային բնակավայրերում: Փորձագիտական կանխատեսումենրով 2030 թ. քաղաքաբնակները կկազմեն մարդկության 60 տոկոսը, իսկ 2050թ.՝ երկու երրորդը: Ընդ որում, գալիք տասնամյակներում քաղաքների աճը 95 տոկոսով տեղի է ունենալու զարգացող երկրներում: Սրանով է պայմանավորված մի շարք ծրագրերի իրականացումը՝ Կանաչ քաղաքներ, Դիմակայող քաղաք, Կայուն քաղաք, որոնք ուղղված են միմյանց փոխլրացնող, բնական և մարդածին միջավայրերի ներդաշնակ համակցման արդյունքում մարդու համար բնակվելու , աշխատելու և ապրելու անվտանգ կենսատարածքի ձևավորմանը», - ասաց Ռուզան Ալավերդյանը՝ նշելով, որ Հայաստանում ներկայումս քաղաքաբնակների թիվը կազմում է 63.4 տոկոս, ինչը բավականին բարձ ցուցանիշ է:

Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման ծրագրերի ղեկավար Անաhիտ Սիմոնյանը նշեց, որ ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպությունները հատուկ ուշադրություն են դարձնում կանաչ տնտեսությանը: Նրա խոսքով՝ կանաչ տնտեսությունը՝ ապրելաձև է, բարոյականություն, մտածողություն, որը խորապես պետք է մտնի մեր բոլոր շերտերում:

Նոյեմբեր 07, 2014 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր