Ապօրինի ընդերքօգտագործում Լոռու մարզում

Ապօրինի ընդերքօգտագործում Լոռու մարզում

ԷկոԼուր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Աղբյուրի համաձայն` մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Բլեսկ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բ.Բուդաղյանը 2014 թվականի մայիսի սկզբներից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ «Գոգավանի» մաքսակետի արդիականացման աշխատանքների կատարման ընթացքում խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, առանց լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով տրված ընդերքօգտագործման թույլտվության և ընդերքօգտագործման պայմանագրի, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի արևմտյան կողմի հարակից դաշտավայրից արտահանել է 7180 մ3 ծավալով ընդերքի զանգված եւ տեղափոխել «Գոգավանի» մաքսակետի տարածք։ Արդյունքում՝ Միխայլովկա գյուղի վարչական տարածքի ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:

Բ.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված նյութական վնասը նախաքննության ընթացքում նրա կողմից ամբողջությամբ վերականգնվել է։ 
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի նոյեմբերի 17-ին ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Նոյեմբեր 18, 2014 at 19:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր