Ստուգված 192 ընդերքագործողներից 102-ի նկատմամբ ակտ է կազմվել

Ստուգված 192 ընդերքագործողներից 102-ի նկատմամբ ակտ է կազմվել

ԷկոԼուր

2014թ-ին ստուգումներ են իրականացվել  շուրջ 192 ընդերքօգտագործող ընկերություններում: Արդյունքում  կազմվել է 102 ակտ՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակների գերազանցման վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է   ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը, տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը:

Աղբյուրի համաձայն` 125 ընդերքօգտագործողների տրվել են ծանուցում-հանձնարարականներ` զգուշացում հանքային իրավունքի դադարեցման մասին, ընդերքօգտագործման ոլորտում հայտնաբերված թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու նպատակով, որից  15 ընդերքօգտագործողներ սահմանված ժամկետներում չեն վերացրել  ծանուցում-հանձնարարականներում նշված թերությունները, ինչի արդյունքում  տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացվել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործընթաց սկսելու վերաբերյալ:

66 ընդերքօգտագործողների նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ և հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե  մուտքագրվել է 8.200.000 ՀՀ դրամ գումար:

Ստուգումների արդյունքում պարզվել է նաև, որ ընդերքօգտագործողների մի մասը չեն պահպանում լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրային որոշ պարտավորություններ, մասնավորապես՝ չեն վարվում ամենօրյա շարժի գրանցամատյաներ, չեն կատարվում մարկշեյդերական չափագրման աշխատանքներ, չեն իրականացվում ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումներ, ընդերքօգտագործման աշխատանքներն իրականացվում են տրամադրված և հաստատված նախագծերին անհամապատասխան, որոշ դեպքերում նաև տրամադրված տարածքներից դուրս:

Ընդերքի պետական տեսչության կողմից 2014 թվականի ընթացքում իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 36 դեպք, որոնց վերաբերյալ սահմանված կարգով հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին, հարուցվել են քրեական գործեր և իրականացվում է նախաքննություն:

Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի՝ ընդերքօգտագործման իրավունքները  չվերաձևակերպած թվով 60 ընդերքօգտագործողների մոտ ընդերքի պետական տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ընդերքօգտագործման 12 դեպքեր, որոնց վերաբերյալ նույնպես հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին:

Ընդերքի պետական տեսչության կողմից 2015 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել ստուգումներ՝ աշխատանքային ծրագրով 140 և ՀՀ վարչապետի հանձնարարականով 42 ընդերքօգտագործողների մոտ:

Հայաստանում ներկայումս հաշվառված է պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:

Դեկտեմբեր 15, 2014 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր