ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, բնության հատուկ պահպանվող տարածքներ, մաս 5-րդ

ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, բնության հատուկ պահպանվող տարածքներ, մաս 5-րդ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:

ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերն ըստ թեմաների:

Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ).

Արամայիս Գրիգորյանը նշեց, որ կան որոշակի բացեր ԲՀՊՏ-երում, որոնք չունեն վկայականներ:

ԲՀՊՏ-ում իրականացվում են սահմանների քարտեզագրման, ճշգրտման և անշարժ գույքի պետական կադաստրում գրանցման աշխատանքներ, մասնավորապես 2014 թ-ին պետական կադաստրում գրանցվել են «Զիկատար» պետական արգելավայրը, Իջևանի և Բերդի «Սորաններ» դենդրոպարկերը:

Ծրագրավորվում է 2015 թ-ին ավարտել բնության հատուկ պահպանվող մյուս տարածքների գրանցումն անշարժ գույքի պետական կադաստրում:

2014 թ-ի ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում վերանորոգվել է 7.5 կմ երկարությամբ հակահրդեհային նշանակություն ունեցող ճանապարհը, «Դիլիջան» ազգային պարկում տնկվել է 5 հեկտար անտառ, 3 հեկտարի վրա կատարվել է անտառի լրացում, «Սևան» ազգային պարկի տարածքների և գույքի վարձակալության վարձավճարների մասով նախնական տվյալներով հավաքագրվել է ավելի քան 152.2 միլիոն դրամ անցյալ տարվա 172.3 միլիոն դրամի դիմաց, որոնք նպատակաուղղվել են ազգային պարկի բնապահպանական խնդիրների լուծմանը:

2014 թ-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ չի արձանագրվել, իսկ գարնանային և աշնանային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 1 ծառահատման դեպք: «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ապօրինի որսագողության, ձկնորսության, այլ բնապահպանական խախտումների և հրդեհների արտառոց դեպքեր չեն արձանագրվել: Իրավախախտման դեպքեր չեն գրանցվել նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»  և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ներում:

Արամայիս Գրիգորյանը բնապահպանության նախարարության գերխնդիրն է համարում ԲՀՊՏ-երում զարգացնել էկոտուրիզմը և ներդնել գեոտեղեկատվական համակարգեր, որը հնարավորություն կտա իրականացնել բնական ռեսուրսների գույքագրում և հաշվառում, բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի մոնիտորինգ, վերլուծական կամ կանխատեսումների ծրագրավորման բլոկ, քարտեզների և հաշվետվությունների նախապատրաստում:



Դեկտեմբեր 25, 2014 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր