

ԷկոԼուր
Սույն թվականի հունվարի 22-ին Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա կազմակերպել էր քննարկում «Ցորենի ալյուրի հարստացման» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի համաձայն` բարձր և 1-ին կարգի ցորենի ալյուրն օրական 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում պարտադիր կարգով պետք է ենթարկվի երկաթով ու ֆոլաթթվով հարստացման:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ և մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցների միջև բանավեճ ծավալվեց, երբ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Բենիկ Հարությունյանը որոշեց, որ նման հարցը պետք է քննարկվի բացառապես բժիշկ-մասնագետների հետ:
«Ճիշտ կլինի, որպեսզի առողջ և արդյունավետ քննարկում լինի, մենք գործ ունենանք բժիշկ-մասնագետի հետ: Չանտեսելով, չթերագնահատելով ոչ լրագրողին, ոչ տեխնոլոգին, ոչ հացթուխին, բոլորին հարգելով, բայց որպեսզի կարողանանք մասնագիտորեն, գիտականորեն հիմնավորված քննարկում անցկացնել, մենք պետք է գործ ունենանք մասնագետի հետ: Իրենք մտնում են մի դաշտ, առողջապահության, մարդու առողջության վերաբերող հարցի մեջ, որը իրենց չի վերաբերում: Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու մոտեցումն է…:, - ասաց Բենիկ Հարությունյանը:
Ներկաները միանգամից հակադարձեցին այս հայտարարությանը՝ նշելով, որ իրենց առողջությունն իրենց շատ է հետաքրքրում:
«Դուք բժի՞շկ եք, որ եկել եք այստեղ, հա՞, կամ բոլորը բժի՞շկ են, կամ բոլորին հրավիրե՞լ են որպես բժիշկ: Ոչ, հարցը նաև քաղաքական է, հարցը նաև բազմաշերտ է, մի բոլորին թերագնահատեք՝ ինքներդ ձեր կարծիքն առաջնահերթ դասելով», - վրդովված ասաց քաղաքացի Արթուր Ալեքսանյանը և հորդորեց շարունակել քննարկումը:
«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ «պարտադիր» պայմանը պետք է դուրս գա օրենքի նախագծից:
«Դա պետք է լինի ամբո՞ղջ պոպուլիացիայի համար, թե՞ ընտրովի: Իմ կարծիքով` ընտրովի պետք է լինի և ուզում եմ օրինակ բերել. Հրազդան քաղաքի արվարձանում երկաթի հսկայական հանքավայր կա, նույնը Տաթևի վանքի կողքի արվարձանում, Երևանում կա «Մաքուր երկաթ» գործարանը, որը նաև արտանետումներ է անում: Այն տարածքներում, որտեղ մենք ունենք այդպիսի հանքավայրեր, նշանակում է, որ այդ մետաղների ֆոնը բարձր է և հողում, և ջրում, և նաև գյուղատնտեսական ապրանքներում, իսկ եթե այդտեղ նաև արվում են հանքարդյունաբերական աշխատանքներ, նշանակում է՝ ամբողջ տարածքը աղտոտվում է դրանով: Հիմա եթե մենք ամբողջ պոպուլիացիային ենք տալիս, նշանակում է` մենք դարձյալ ավելացնում ենք: Նույնը ցինկի հետ կապված, տեղեր կան` ծանր մետաղները մինչև 1000 անգամ ավելի բարձր են նորմայից: Այս առումով, իմ կարծիքով, պետք են ուսումնասիրություններ և ընտրովի մոտեցում», - ասաց Կարինե Դանիելյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ և հավատում եմ ձեր բոլոր ասածներին` արտանետումների հետ կապված, դրանց կոնցենտրիացիաների հետ կապված, բայց դա ուղիղ ազդեցություն, երկաթով պայմանավորված, անեմիաների վրա չունի, ֆոլաթթվով պայմանավորված հիվանդությունների առաջացման հետ չունի, խոսքը այն երկաթ միացությունների մասին է, որոնք բացակայում են մեր սննդակարգերից և որոնցով պայմանավորված են բազմաթիվ հիվանդային վիճկաներ»:
Չբավարարվելով փոխնախարարի պատասխանից՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սյունիքում երեխաների մազերի մեջ, սննդամթերքի մեջ ծանր մետաղների քանակությունը բարձր է, և այդ բոլորը գնում են դեպի օրգանիզմ:
Քննարկման ընթացքում բարձրացվեցին այլ հարցեր ևս՝ կապված օրինագծի ռիսկերի և վտանգների հետ, իսկ թե փոխնախարարի, թե բժշկական համալսարանի դասախոսների տված պատասխանները և մեկնաբանությունները չբավարարեցին ներկաներին: Քննարկումն ինչպես բանավեճով սկսվել էր, այդպես էլ բանավեճով ավարտվեց, եւ շատ հարցերի պարզապես չտրվեցին պատասխաններ:
Հունվար 23, 2015 at 18:21
