Ջրային տնտեսության պետական կոմիտեն կանխատեսում է սակավաջրություն, իսկ Օդերեւութաբանական կենտրոնը` առատ տեղումներ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն կանխատեսում է սակավաջրություն, իսկ Օդերեւութաբանական կենտրոնը` առատ տեղումներ

ԷկոԼուր

Փետրվար ամսին արդեն մի քանի անգամ հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն ահազանգեց, որ երկրում հնարավոր է սակավաջրություն: Պատճառը, ըստ նրա, տեղումների պակասն է:  Նա հայտարարեց, որ Ախուրյան-Արաքս ջրամբարներում մոտ 18,5 մլն խմ ջուր կա, ինչն ավելի  քիչ է, քան անցած տարի էր: Կառավարությունն արդեն 1 միլիարդ դրամ է հատկացրել, որպեսզի մարզերում պոմպերն ու խորքային հորերը վերագործարկվեն, նոր պոմպեր ձեռք բերվեն: Նա նաեւ ասաց, որ ջրի սղության դեպքում, կդիմեն Սեւանին: Այս հայտարարություններից մի քանի օր անց` փետրվարի 11-ին` առատ տեղումների մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ինչպես հայտնում է Tert.am կայքը, Գագիկ Սուրենյանն ասել է,  որ վերջին օրերին միջերկրածովյան ցիկլոնները հսկայական քանակությամբ տեղումներ են առաջացրել հատկապես Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում: Շիրակի առանձին հատվածներում այսօրվա դրությամբ տեղումների ամսական քանակը կազմում է նորմայի 110-120%-ը: Լուրջ ցիկլոններ են սպասվում առաջիկա երկու օրերին: «Ամսվա վերջում կունենանք նորմայից բարձր ձնածածկույթ: Մարտը տեղումնառատ ենք սպասում: Ակնկալում ենք, որ մարտին մեծ քանակությամբ ձյուն է կուտակվելու հանրապետության լեռնային շրջաններում»,- ասել է Գագիկ Սուրենյանը եւ հողագործներին կոչ արել դեռ չսկսել գյուղատնտեսական աշխատանքները:

Փետրվար 11, 2015 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր