

ԷկոԼուր
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ KfW Գերմանա-Հայկական հիմնադրամի միջեւ «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի վերաբերյալ փաստաթղթեր չեն ստորագրվել: Այս մասին նշված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պատասխան նամակում` ուղղված «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանին: Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանը նամակով հարցրել էր, թե «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում և համալիրին հարակից տարածքներում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կոնկրետ որ ընկերությունները և փոքր ՀԷԿ-երն են ֆինանսավորում ստացել, KfW բանկի կողմից Հայաստանին հատկացված գումարից 2004 թվականից սկսած որքան գումար է ծախսվել փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման և կառուցման համար, որքանով է փոքր ՀԷԿ-երի կառուցման մասին որոշումների ընդունման գործընթացը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և ընդունված միջազգային սոցիալ-էկոլոգիական չափանիշներին, պահպանվող տարածքների ներսում և հարակից տարածքներում գտնվող հանքային և փոքր ՀԵԿ-երի լիցենզիաները ինչ վավերապայմաններով են տրվել: ՀԿ-ն նաեւ խնդրել էր տրամադրել KfW գերմանական բանկի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ստորագրված «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրին վերաբերվող փաստաթղթերը:
Նախարար Երվանդ Զախարյանի պատասխան նամակում ասված է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իր իրավասության շրջանակներում հայտնում է, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման մասին գործընթացը համապատասխնում է ՀՀ օրենսդրությանը:
Տեղեկացնում եմ նաեւ, որ KfW Գերմանա-Հայկական հիմնադրամի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության միջեւ «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի վերաբերյալ փաստաթղթեր չեն ստորագրվել:
Բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործման թույլտվությունը տրամադրվում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն է` Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ընդերքօգտագործման իրավունքի ստացման հայտերին կից ներկայացվող ծրագիրն ու նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվում են համապատասխանաբար նախնական գնահատման եւ փորձաքննության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին»` ՀՀ օրենքով սահմանված կարգով, իսկ Ընդերքօգտագործման իրավունքը տրվում է միայն նշված նախնական գնահատման եւ փորձաքննության դրական եզրակացության առկայության դեպքում:
Իսկ մնացած հարցերի ստացման համար առաջարկում ենք դիմել ՀՀ բնապահպանության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ Գերմանա-Հայկական հիմնադրամին»:
Մարտ 09, 2015 at 15:02
