Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը

Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը

ԷկոԼուր

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը օրակարգային է, քանի որ Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը:  Ամենամեծ բաժինը` 54,7 տոկոս, ընկնում է բնական գազի վրա, հաջորդը` 24,5 տոկոսը ապահովում է  Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Նավթամթերքների բաժնեմասը կազմում է 12,5 տոկոս: 8,3 տոկոս ապահովում է հիդրոէներգետիկան, եւ 0,02 տոկոսը` քամուց եւ բիոգազից ստացված էներգիան:

Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգում նշված են  4 առաջնահերթություններ. «Առաջինը վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումն է: Երկրորդը՝ էներգախնայողությունը՝ սկսած էներգետիկ համակարգից, վերջացրած տնային տնտեսություններով: Երրորդը՝ էներգակիրների մատակարարման ուղիներն են: Չորրորդը՝ ատոմային էներգետիկայի զարգացումը, ներկա բլոկի անվտանգ շահագործումը և նոր բլոկի կառուցումը»: Ըստ Հայկ Հարությունյանի էներգախնայողության բոլոր ծրագրերը սերտ կապված են կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի կրճատման գլոբալ գործընթացների հետ: «Օրինակ, էներգախնայողությունը հանրային շենքերում ծրագիրը, որը իրականացնում է Վերականգնվող էներգետիկայի և  էներգախնայողության հիմնադրամը: Այնտեղ ամեն շենքում, ամեն շինությունում էներգախնայողության միջոցառումներն իրականացնելուց հետո նշվում է՝ քանի ԿՎտ/ժամ խնայվեց, ինչքան ջերմային էներգիա խնայվեց և ինչքան արտանետում կրճատվեց»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Ավելացնենք, որ մարտի 16-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց ներդրման համաձայնագիրը / E5P/, որի շնորհիվ E5P հիմնադրամի միջոցները կուղղվեն հանրային տարբեր ոլորտներում, մասնավորապես` վերականգնվող էներգետիկայի ծրագրերին,  համայնքներում ջեռուցման, էներգամատակարարման  և լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրման ծրագրերին, ինչպես նաև շրջակա միջավարի պահպանության համար կարևոր՝ կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարման և վերամշակման ծրագրերի իրականացմանը: Այս նպատակով համագործակցության առաջին փուլում Հայաստանը կներդնի 1 միլիոն եվրո եւ կստանա մոտ 20 միլիոն եվրո դրամաշնորհ:

   

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Մարտ 17, 2015 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր