

ԷկոԼուր
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովին ընդառաջ ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպվեց քննարկում ԵՄ կողմից ձեռնարկված Քաղաքապետերի Դաշնագրին միացած Հայաստանի քաղաքային համայնքների ղեկավարների հետ:
Քաղաքապետերի Դաշնագիրը Եվրամիության կողմից ձեռնարկված նախաձեռնություն է՝ ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Դաշնագիրն ստորագրող կողմերը նպատակ ունեն մինչև 2020թ. ածխաթթու գազի (CO2) արտանետումները նվազեցնել առնվազն 20%-ով: Քաղաքապետերի Դաշնագիրը գործում է 2008թ-ից: Այն բաց է բոլոր հետաքրքրված քաղաքների համար:
Քաղաքապետերի Դաշնագրին միացած Հայաստանի քաղաքներից Սպիտակը, Ծաղկաձորը և Վայքն արդեն մշակել են արտանետումների ծավալների կրճատմանն ուղղված ծրագրեր, իսկ մնացած քաղաքների ծրագրերը գտնվում են մշակման տարբեր փուլերում:
Քննարկման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի նախապատրաստական ժամանակաշրջանում բոլոր անդամակցող երկրներին առաջարկվել է ներկայացնել սեփական դիրքորոշումները «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների» վերաբերյալ, որոնք օգտագործվելու են ապագա արձանագրության բովանդակության, այդ թվում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կրճատման ռեժիմի հստակեցման համար: Նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով նախատեսվում է, որ 2020-ից սկսած` կոնվենցիային անդամակցող բոլոր երկրները պետք է ստանձնեն պարտավորություններ` կատարելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման որոշակի գործողություններ: Գործողությունների մասին պետք է ներկայացվի թափանցիկ և հստակ տեղեկատվություն:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ ազգային արտանետումների 40-70 տոկոսն ընկնում են քաղաքների վրա:
«Զարգացած երկրները պետք է ապահովեն համապատասխան ֆինանսական և տեխնոլոգիական աջակցություն և պետք է համալրեն ստեղծված կանաչ կլիմայական հիմնադրամը: Այսօր արդեն իսկ այդ հիմադրամում 11 միլիարդ դոլար դրվել է զարգացած երկրների կողմից: 2020 թվականից հետո արդեն պարտավորությունների կատարման համար նախատեսված է, որ ամեն տարի պետք է համալրվի 100 միլիարդ դոլարի չափով, դրանք լինելու են և դրամաշնորհային, և հատուկ վարկային միջոցներ», - ասաց Դիանա Հարությունյանը:
Քննարկման ժամանակ Հրազդանի քաղաքապետի խորհրդական Հրաչ Հուսիկյանը նշեց, որ Հրազդան քաղաքում արդեն բավականին աշխատանքներ են կատարվել էներգախնայողության և էներգաարդյունավետության հետ կապված:
«Հաշվի առնելով, որ էներգակիրները թանկանում են և էներգախնայողութունը ոչ միայն էկոլոգիական խնդիր է, այլ էներգետիկ և ազգային անվտանգության խնդիր, այդ խնայողությունը պետք է լինի ցանկացած զարգացման ծրագրի առանցքային մասերից մեկը, եթե ոչ ամենաառանցքային մասը: Մեր նպատակը 20 տոկոսից ավել է», - ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Հանդիպման վերջում նախարար Արամայիս Գրիգորյանը քաղաքապետերին ասաց. «Մենք պետք է զգուշանանք և հասկանանք մի բան, որ հետագայում եթե մենք մեր վրա վերցրած պարտավորությունները չկատարենք, հնարավոր է, որ հետագա որոշակի գործընթացների հետ կապված մենք ունենանք խնդիրներ»:
Հայաստանի կողմից ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները գլոբալ արտանետումների մեջ կազմում են 0.018 տոկոս, մեկ շնչին բաժին է ընկնում միջինը 2.4 տոննա արտանետում, այն պարագայում երբ մեկ շնչին բաժին ընկնող արտանետումների միջին գլոբալ ցուցանիշը 6,5 տոննա է:
|
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 30, 2015 at 18:03
