Ջրօգտագործող ընկերությունը ցանկանում է նոր հորեր հորատել Արմավիրի մարզում

Ջրօգտագործող ընկերությունը ցանկանում է նոր հորեր հորատել Արմավիրի մարզում

ԷկոԼուր

Արմավիրի մարզի «Արաքս» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Գևորգյանը հունիսի 12-ին Դիլիջանում անցկացված քննարկման ժամանակ բարձրացրեց իր տարածքում նոր խորքային հորերի հորատման անհրաժեշտության հարցը:

«Իմ տարածքում ամենաքիչը 5 տեղ ունենք նոր հորատվող խորքային հորերի անհրաժեշտություն, որոնց միջոցով հնարավորություն կունենանք անմշակ հողերը ջրով ապահովելու», - ասաց Աշոտ Գևորգյանը:

Ի պատասխան Ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Նարիմանյանը նշեց. «Հնարավոր չէ: Նոր խորքային հորի հորատման անհրաժեշտությունը չեմ կարծում, որ այդքան էլ ճշմարտությանը մոտ է: Կառավարության կողմից 2012 թվականից վարվում է այն քաղաքականությունը, որ Արարատյան դաշտավայրում նոր խորքային հորերի ջրօգտագործման թույլտվություններ չի տրվելու: Մենք կարող ենք նաև մանրամասնել և դուրս բերել այն օպտիմալ տարբերակը, որ առանց նոր խորքային հոր հորատելու հարցին լուծում տանք»:

Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ Արարատյան դաշտավայրում այսօրվա դրությամբ գոյություն ունի 3518 խորքային հոր, որից 1100-ը տեխնիկապես անշահագործելի վիճակում են, դրանց մի մասը ենթակա է լուծարման, իսկ մյուս մասը՝ կոնսերվացման:

Լրագրողները փորձեցին պարզել Աշոտ Գևորգյանից՝ ի՞նչ անհրաժեշտություն կա նոր խորքային հորերի հորատման, հատկապես, երբ տարին սակավաջուր չէ:

«Կառավարությունը արգելել է նոր խորքային հորեր հորատելը, բայց վերագործարկելու համար նման խնդիրներ չկան: Առաջարկում եմ վերագործարկել խորքային հորերը, որպեսզի այն խնդիրը, որի առջև կանգնեցինք անցյալ տարի, կարողանանք կանխել: Մենք անցյալ տարի ունեցել ենք սակավաջրություն, մենք զուգահեռ ենք վերագործարկել հորերը և բարդություններ ենք ունեցել, դրա համար նախապես պետք է այդ խորքային հորերը ունենալ պատրաստի վիճակում», - ասաց Աշոտ Գևորգյանը:

Հարցին՝ ինչպե՞ս են նախկինում ոռոգվել այդ տարածքները, որոնք այսօր ջրի կարիք ունեն, Ա. Գևորգյանը պատասխանեց. «Տարիներ շարունակ այդ տարածքի վրա աշխատել են 5 խորքային հոր, հետո՝ 4, հիմա՝ 3, փլուզվել են հորերը»:

«Արաքս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենից նաև հետաքրքրվեցինք՝ կա՞ արդյոք կոնֆլիկտ համայնքների հետ: Աշոտ Գևորգյանը վստահաբար նշեց. ««Արաքս» ՋՕԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին, և բացառապես մեկ դեպք Դուք չեք կարող ասել, որ մեր տարածքներում նմանատիպ խոսակցություններ են եղել»:

Հունիս 17, 2015 at 12:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր