

ԷկոԼուր
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը հրապարակել է 150 երկրների ներկայացրած «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) նախնական վերլուծությունը, ըստ որի, եթե ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ներդրումներն իրականանան ներկայացված ցուցանիշներով, ապա Երկրի մթնոլորտի ջերմաստիճանը կբարձրանա 3-3.5 աստիճան: Սա այն դեպքում, երբ նախատեսված էր, որ առավելագույն շեմը պետք է լիներ 2 աստիճանը, և երկրներն իրենց ազգային ներդրման ծրագրերը մշակել են այդ չափորոշիչով: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են տարեվերջին Փարիզում` պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում ստորագրվելիք նոր համաձայնագրին առնչվող հարցեր: ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր ամեն ինչ կանի կլիմայի փոփոխության մեղմման նպատակով միջոցառումներ իրականացնելու համար, այն է` իր գործողությունների ծրագրով հասնել նախատեսված ոչ ավել քան 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացման:
ԷկոԼուրի կողմից նշենք, որ Հայաստանում ջերմաստիճանի բարձրացումն առաջանցիկ տեմպեր ունի: ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն (2014 թ., հոկտեմբեր), 1950 թվականից մինչև 2014թ-ը մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է 0.7 աստիճանով, իսկ Հայաստանում ջերմաստիճանի բարձրացումը գերազանցել է երկրագնդի միջին ցուցանիշները` կազմելով 1.03 աստիճան Ցելսիուս: Մենք արդեն իսկ զգում ենք ջերմաստիճանի նման բարձրացման բացասական հետեւանքները Հայաստանի համար` ջրասակավություն, տեղումների նվազում, հրդեհների քանակի աճ, անապատացման գործընթացների ակտիվացում: Հայաստանի տարածքի մոտ 50 տոկոսն այսօր ենթարկվում է անապատացման: Եթե Փարիզում որոշվի ջերմաստիճանի բարձրացման շեմը 2-ից հասցնել մինչեւ 3-3.5 աստիճան, ապա Հայաստանը կվերածվի անապատի:
Հոկտեմբեր 29, 2015 at 12:06
