

ԷկոԼուր
2016թ-ին անտառտնկումների համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվի:
Հիշեցնենք, որ այս տարի բնապահպանները բազմաթիվ ապօրինի անտառահատումների դեպքեր բացահայտեցին Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերում եւ ահազանգեցին անտառների ոչնչացման վտանգի մասին: Այս հայտարարությունների ֆոնին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց 2016 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելիք ֆինանսավորումը: Ըստ այդմ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 14 միլիարդ 404 հազար դրամ:
Մասնավորապես անտառային ոլորտին վերաբերող ծրագրերի առնչությամբ նախարար Սերգո Կարապետյանը ԱԺ-ում ասել է. «2016 թվականին շարունակվելու է «Անտառապահպանական աշխատանքների ծրագիրը»:
Ծրագրի իրականացմանն է նախատեսվում ուղղել 1 միլիարդ 201 միլիոն դրամ: Կիրականացվի ավելի քան 344 հազար հեկտար անտառային տարածքների պահպանություն:
Պետական բյուջեով նախատեսված միջոցներն ամբողջությամբ ուղղվում են անտառային տնտեսության աշխատողների աշխատավարձի ապահովմանը:
Վերջին տարիներին ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կրճատվել է անտառների ապօրինի հատումները և անտառային հրդեհները:
«Անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագիր»: Վերջինիս նախատեսում է ուղղել 54 միլիոն 656 հազար դրամ:
Ծրագիրն ուղղված է հանրապետությունում անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտառածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառվերականգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասատուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել 300.0 հազար հա անտառային տարածքների, ինչպես նաև 70.0 հազար հա արգելոցների ու ազգային պարկերի ուսումնասիրություններ և դիտարկումներ»:
Նոյեմբեր 16, 2015 at 16:16
