

ԷկոԼուր
Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն էներգետիկ ոլորտի կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման և նորմատիվատեխնիկական դաշտում: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Իվանովիչ Միխադյուկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև փետրվարի 19-ին Երևանում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ստորագրվելիք «Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ատոմային էլեկտրաէներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության www.minenergy.am կայքից:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես՝ ատոմային, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ, իսկ մինչ այդ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։
Փետրվար 19, 2016 at 15:25
