

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.09.2016թ. ժամանակահատվածում կայացվել է 610.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1.0 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.82 միլիոն դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ` 100.0հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1.0 միլինոդրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 5 ծառի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 700.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի՝ 6 բարդու ծառի ապօրինի հատման վերաբերյալ գործի վարույթի արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամի 2 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 300.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժինն Էրեբունու 2-րդ զանգվածի 73/12 հասցեում թվով երկու ընկուզենու հատման համար հաշվարկել է 225.0 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառած վնասի հատուցման արձանագրություն և նյութերն ուղարկել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին։
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ.
Շիրակի տարածքային բաժնի կողմից սորուն նյութերն առանց ծածկոցի տեղափոխելու համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք։
Թափոնների տեղադրման ոլորտ.
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:
Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում.
Կազմվել է 110.0հազար դրամի 2 վարչական տուգանքի որոշում` Գեղարքունիքի և Տավուշի տարածքային բաժինների կողմից։
Փայտանյութի ապօրինի տեղափոխում.
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 2 դեպք և կազմվել վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազար դրամ ընդհանուր գումարով։
Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից արձանագրվել է 3.5 խմ ապօրինի փայտանյութ,ինչի վերաբերյալ նյութերը վարույթի փուլում են։
Ապօրինի որսի իրականացման համար.
Երևանի տարածքային բաժինը Երևան քաղաքի Գոգոլի 107 հասցեում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված, անազատ պայմաններում պահվող գորշ արջի քոթոթի հայտնաբերման, արջի նկատմամբ դաժան վերաբերմուք դրսևորողներին պատասխանատվության ենթարկելու մասին կազմել է նյութեր և դրանք ուղարկել ՀՀ ոստիկանության քննությանը։
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 հատ տիրազուրկ պոլիէթիլենային ցանց, ցանցերում առկա 81 հատ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ ցանցերն ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ» ՊՈԱԿ- ի պահեստ:
Սեպտեմբեր 13, 2016 at 14:03
