

ԷկոԼուր
Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, ասել է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ օրերս ունեցած հանդիպման ժամանակ: Խոսելով ձմռան շրջանին նախապատրաստվելու մասին՝ Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:
Հայաստանում ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողների համար 1 խմ գազն արժե 146,7 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողների համար 1000 խմ գազի արժեքն է 257,56 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հայաստանի շատ գազաֆիկացված համայնքներում բնակիչները, սոցիալական պայմաններից ելնելով, հնարավորություն չունեն իրենց տները տաքացնելու կապույտ վառելիքով: Փայտ են վառում: Օրինակ, Լոռու մարզի գազաֆիկացված Մարգահովիտ համայնքում բնակիչներից մեկը նախաձեռնել է փայտ խնայող վառարանի պատրաստում:
Ձմռանն ընդառաջ ավելացել են ապօրինի հատումները: Մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում «Գուգարքի», անտառտնտեսությունում հայտնաբերել են 207 ապօրինի հատված ծառ, «Նոյեմբերյանի» անտառտնտեսությունում՝ 94 ծառի ապօրինի հատում: Ապօրինի հատումներ են արձանագրվել նաև Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերոմ: Բնությանը պատճառվել է 13.5 միլիոն դրամի վնաս:
Մասնագետների հաշվարկներով սեզոնին մարզերում յուրաքանչյուր ընտանիք միջինը վառում է 8-15 խմ վառելափայտ: Տարեկան փայտի պահանջարկը հասնում է մինչև 600-650 հազար խմ: Մինչդեռ օրինական հատումները հեռու են այս պահանջարկը բավարարելուց: Մասնավորապես 2015թ-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը օրինական հատումներից մթերել է 25977խմ փայտ:
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջին անգամ վարելով կառավարության նիստը հանդես եկավ գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազման առաջարկով: «Առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»:
![]() |
![]() |
Հոկտեմբեր 31, 2016 at 14:52