

ԷկոԼուր
Կառավարությունը որոշում ընդունեց գազի սակագնի նվազեցման վերաբերյալ:
Սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեն, գազի սակագինը կլինի 100 դրամ մեկ խմ-ի համար: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ միասին մինչև հունվարի 1-ը ճշտել սոցիալապես անապահովների ցանկը:
Մինչև 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից կդառնա 139 դրամ, 10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար սակագինը 257.56 դոլարից կդառնա 242.1 դոլար: Ջերմոցներին և գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկությունների համար գազի սակագինը 257.56 դոլարից կդառնա 212 դոլար:
Վարչապետի խոսքով՝ գազի սակագնի նվազեցման համար հիմք է ծառայել չորս գործոն՝
1. հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի,
2. սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը,
3. «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը,
4. «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:
Գազի սակագնի իջեցման համար կառավարությունը չի սուբսիդավորելու գազ մատակարարող ընկերությանը:
Նոյեմբեր 03, 2016 at 16:04
