

ԷկոԼուր
Դեկտեմբերի 13-ին մահացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ԷկոԼուրը ցավակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ողջ անձնակազմին, Արմեն Երիցյանի հարազատներին և ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Արմեն Երիցյանը մեկն էր այն նախարարներից, ով անվերապահորեն վայելում էր հասարակության սերը, հարգանքն ու վստահությունը: Արմեն Երիցյանի մահը վիշտ է բոլորիս համար:
Արմեն Երիցյանը ծնվել է 1960 թ. դեկտեմբերի 25-ին՝ Երևանում: 1986թ. ավարտել է ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցը, 1990թ.՝ ԽՍՀՄ Վոլգոգրադի ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետը, 1996թ.՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան, 1996-1999թթ.՝ ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիան (դոկտորանտուրա):
1982-2010 թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ: Կոչումով գեներալ-մայոր էր: 2010թ. մարտից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն էր:
Արմեն Երիցյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, մի շարք գիտակրթական կազմակերպությունների անդամ էր:
ՀՀ Նախագահի կողմից 2000թ. պարգևատրվել է "Արիության մեդալ"-ով, 2006թ.՝ "Հասարակական կարգի գերազանց պահպանման համար" մեդալով, ԼՂՀ Նախագահի կողմից "Մխիթար Գոշ" մեդալով, 2009թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով, 2012թ.՝ ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ Նախագահի կողմից "Մարտական ծառայության մեդալով": Պարգևատրվել է նաև մի շարք գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մեդալներով, անվանական զենքերով:
Նա 13 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ էր:
Արմեն Երիցյանը ամուսնացած էր, ունի երկու դուստր, երեք թոռ:
Դեկտեմբեր 13, 2016 at 19:19
