

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը Մտադիր է զարգացնել Էկոտուրիզմը «Գառնի» տաճար, «Բազալտե երգեհոն» և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ուղղություններով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» բնության հուշարձանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի ուղղությամբ ճանապարհի և համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի, ինչպես նաև տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր:
Քննարկմանը մասնակցել են Կովկասի բնության հիմնադրամի / CNF / գերմանական կազմակերպության Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով Հայաստանում էկոտուրիզմի զարգացման խթանումը` Խաչիկ Հակոբյանն առաջարկել է առաջիկա հանդիպման ընթացքում ներկայացնել նախագծի ընդլայնման հնարավորությունները:
Անդրադարձ է եղել նաև CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում` Գառնիի «Բազալտե երգեհոն» /Քարերի սիմֆոնիա/ բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերին:
Հունվար 12, 2017 at 14:32
