

ԷկոԼուր
Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության 2017-2022թթ գործողությունների ծրագիրը:
Ներկայացնում են Կառավարության ծրագրում նախատեսված միջոցառումները բնապահպանության վերաբերյալ:
«Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը ոչ միայն կարևոր նախապայման է մարդու և բնության ներդաշնակ գոյակցության համար, այլև երաշխիք է երկրի կայուն զարգացման սահմանադրական նորմի կիրառման համար:
ՀՀ կառավարությունն առաջիկա 5 տարիների ընթացքում առաջնորդվելով կայուն զարգացման սկզբունքով՝ կկիրառի այնպիսի գործողություններ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցվեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, կապահովեն շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝
1. Բնապահպանության ոլորտի կառավարման համակարգի շարունակական կատարելագործման և բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտը ձևավորել բնապահպանական նոր քաղաքականության օրենսդրական հենքը.
2) մինչև 2017 թվականի ավարտն ընդունել շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը.
3) մինչև 2017 թվականի ավարտը կայացնել շրջակա միջավայրի վերահսկողության համակարգը՝ հետևանքներին արձագանքումից անցնելով իրավախախտումների կանխարգելման.
4) 2017-2018 թվականների ընթացքում ներդնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտի միասնական կառավարման համակարգ` ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթների ամբողջականացմամբ.
5) 2018 թվականի ընթացքում վերանայել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրությունը՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված չափորոշիչները:
2. Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտն ընդունել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն.
2) 2017-2018 թվականների ընթացքում ստեղծել հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման միասնական համակարգ.
3) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել բնապահպանության բնագավառում թույլտվությունների (լիցենզիաների) միասնական և էլեկտրոնային տրամադրման համակարգ.
4) 2018-2020 թվականների ընթացքում կատարելագործել բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների, ինչպես նաև բնապահպանության ոլորտում պատասխանատվության և վնասի փոխհատուցման համակարգը.
5) 2018-2022 թվականների ընթացքում կատարելագործել Հայաստանի Հանրապետության կողմից ոլորտի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող օրենսդրական հենքը, ինչպես նաև նախաձեռնել մի շարք միջազգային բնապահպանական պայմանագրերի արձանագրությունների վավերացման գործընթացը.
6) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել բնապահպանական միասնական պետական մոնիթորինգի և տեղեկատվական համակարգ (ազգային պորտալի ստեղծում և տեղեկատվական թեմատիկ բազաների ու բնական միջավայրի բաղադրիչների կադաստրների կատարելագործում):
3. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) 2017 թվականին ընդունել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները.
2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրական փոփոխությունների փաթեթ.
3) 2017-2018 թվականների ընթացքում իրականացնել Արարատյան դաշտի գյուղատնտեսական և ձկնաբուծական ջրօգտագործողների մոտ ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգերի տեղադրման աշխատանքներ,
4) մինչև 2021 թվականի ավարտն իրականացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայողական օգտագործման միջոցառումներ.
5) մինչև 2021 թվականի ավարտն ընդունել Սևանի, Հրազդանի և Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանները և վերանայել Ախուրյանի, Հարավային և Արարատյան ջրավազանային կառավարման պլանները:
4. Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել օրենսդրական կարգավորումներին համահունչ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն, ինչպես նաև ափամաքրման աշխատանքների կազմակերպման նոր մեխանիզմներ.
2) մինչև 2019 թվականի ավարտն ընդունել «Սևան» ազգային պարկի զարգացման հայեցակարգը և կառավարման պլանը:
5. Մթնոլորտային օդի պահպանության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2018 թվականի ավարտը մշակել մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.
2) 2018 թվականի ընթացքում ընդունել Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիր (National Adaptation Programme - NAP):
6. Հողերի ու ընդերքի պահպանության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտը կատարելագործել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի և հաշվետվողականության օրենսդրությունը՝ ներդնելով ընթացիկ մոնիթորինգի համակարգ.
2) ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (ռեկուլտիվացիոն ֆոնդ) հատկացված գումարների հասցեական օգտագործման և խախտված հողերի վերականգնման նպատակով` մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման հայեցակարգ.
3) 2018-2020 թվականների ընթացքում ներդնել հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող մեխանիզմներ:
7. Կենսաբազմազանության պահպանության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել Երևան քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի նախագծումը և 2018-2022 թվականների ընթացքում Երևան քաղաքում ստեղծել բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոն.
2) մինչև 2018 թվականի ավարտն ընդունել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը.
3) 2018-2022 թվականների ընթացքում ընդունել բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքների կառավարման պլանները.
4) կենսաբազմազանության և էկոտուրիզմի առկա պոտենցիալի արդյունավետ օգտագործման նպատակով իրականացնել ՀՀ տարածքում կենսաբազմազանության բիզնես ներուժի գնահատման և անձնագրավորման (մինչև 2018 թվականի ավարտը) և մինչև 2020 թվականն էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները.
5) մինչև 2022 թվականի ավարտը «Պետություն - մասնավոր հատված» համագործակցության շրջանակներում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը:
8. Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտի մասով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ոլորտի իրավական ակտերի նախագծեր.
2) 2017-2022 թվականների ընթացքում ներդնել նոր տնտեսական մեխանիզմ, որն ուղղված կլինի սպառման թափոնների թաղման կրճատմանը և դրանց տնտեսական շրջանառության մեջ ներգրավմանը (արտադրողի ընդլայնված պատասխանատվություն).
3) 2018-2019 թվականների ընթացքում ձևավորել քիմիական նյութերի գործածությունը կարգավորող օրենսդրական հենքը, որը կկարգավորի քիմիական նյութերի անվտանգ գործածության, արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի պետական գրանցման, անձնագրավորման և նախազգուշական մակնշման հետ կապված հարցերը.
4) 2019-2022 թվականների ընթացքում իրականացնել Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների վնասազերծում՝ միջազգային պարտավորություններին համահունչ:
9. Շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը.
2) մինչև 2018 թվականի ավարտն ուսումնասիրել և բանակցել միջազգային կառույցների հետ՝ «Բնապահպանական միջոցառումներ՝ երկրի արտաքին պարտքի դիմաց» ֆինանսավորման մեխանիզմի ներդրման ուղղությամբ.
3) 2018-2022 թվականների ընթացքում իրագործել անհրաժեշտ քայլեր՝ օգտագործելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված տեխնիկական և ֆինանսական օժանդակության բոլոր խողովակներն ու մեխանիզմները, այդ թվում՝ 2017 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև Կանաչ կլիմայի հիմնադրամի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» համաձայնագրի ստորագրում.
4) 2019-2022 թվականների ընթացքում ստեղծել և գործադրել «Պետություն-մասնավոր հատված» համագործակցության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ, բնապահպանական, այդ թվում՝ համայնքային հիմնադրամների, ապահովագրական, ինչպես նաև քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ»:
Հունիս 21, 2017 at 18:39
