Գործադիրը ցանկանում է, որ անտառը կառավարի մի կառույց, վերահսկի մեկ ուրիշը

Գործադիրը ցանկանում է, որ անտառը կառավարի մի կառույց, վերահսկի մեկ ուրիշը

ԷկոԼուր

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր դժգոհությունն է հայտնել Անտառային ոլորտի համալիր բարեփոխումների հայեցակարգի մասին: «Անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրներին: Ավելին՝ փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ գործնական և օրենսդրական լուծումներ, անդրադառնալով նաև անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատման, ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին: Հանձնարարվել է նաև միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ։
«Մենք ունենք անտառային տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որոնց գործառույթները հստակ տարանջատված չեն: Մենք ուզում ենք, որ այն կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի համապատասխան աշխատանքային շահերի բախում առաջանա և ստեղծվեն արդյունավետությանը նպաստող պայմաններ»,-նշել է Կարեն Կարապետյանը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հուլիս 28, 2017 at 16:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր