

ԷկոԼուր
Ներկայումս քննարկվում է անտառների միասնական կառավարումը ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացնելու հնարավորությունը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որով առաջարկվում է Հայաստանի բոլոր անտառները` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների, հանձնել մեկ մարմնի կառավարմանը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ անտառները պետք է դիտարկվեն բազմակողմանի օգտագործման համակարգում՝ թե գյուղատնտեսության, թե էկոտուրիզմի, և թե էներգետիկ նպատակներով: Ըստ նախարարի՝ այդ ամենի հիմքում դրվելու է բնապահպանական մոտեցումը:
«Սա բերելու է նաև կառուցվածքային փոփոխությունների. անտառների և հատուկ պահպանվող տարածքների միասնական կառավարման քաղաքականության մշակմամբ զբաղվող գերատեսչության ստեղծման, տվյալ դեպքում ստորաբաժանման, և նաև բուն գործադիր ֆունկցիա իրականացնող մարմնի: Սա կլինի կոմիտեի, թե այլ անվանման տեսքով, այս պահին դեռևս վերջնական քննարկման փուլ չի անցել, բայց այն, որ պետք է լինի միասնական կառավարման ներքո և այդ կառավարման կենտրոնում բնապահպանական մոտեցումը, ընդունվել է որպես կարևորագույն սկզբունք», - ասաց բնապահպանության նախարարը:
Սեպտեմբեր 26, 2017 at 19:03
