

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Հուշագրի կողմերի ուժերով կմշակվեն և կիրագործվեն բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց համար հիմնադրամը կցուցաբերի աջակցություն (այդ թվում` ֆինանսական)։ Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է հզորացնել բնապահպանության նախարարության և բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմնի տեխնիկական կարողությունները։ Աշխատանքներ կտարվեն նաև ստեղծվող կամ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մեխանիզմների կարողությունների զարգացման ուղղությամբ։
Հուշագրով նախատեսվող համատեղ գործողությունները կնպաստեն էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը՝ ներդնելով տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ համագործակցությունը տեղափոխվում է այնպիսի հարթություն, որտեղ իրավական ակտերով կամրագրվեն բնության հատուկ պահպանվող տարածքներ, դրանցում կգործեն հստակ կանոններ, որպեսզի ապօրինի որսը, կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ ոտնձգությունները բացառվեն։
Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ համագործակցության հիմնական նպատակը կենդանական և բուսական աշխարհով հարուստ ավելի շատ տարածքներ պահպանելն է։ Այդ նպատակներին հասնելու համար Հիմնադրամը պատրաստ է աջակցել ցանկացած ծրագրի, իսկ խնդրի լուծման գործընթացում լիարժեք արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է ջանքերի մեկտեղում։
Որպես համագործակցության առաջին քայլ Հիմնադրամը բնապահպանության նախարարությանը նվիրեց 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փետրվար 12, 2018 at 15:54
