

ԷկոԼուր
Մեկ ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանությունը կառավարությանը պետք է ներկայացնի կներկայացնի հողի, օդի, ջրի աղտոտվածության խնդիրների լուծման առաջարկություններ: Հանձնարարականը տվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:
«Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։ Միաժամանակ, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ», - նշել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի պաշտոնական կայքի համաձայն` բնապահպանության նախարարությունը պետք է ապահովի շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնի դրանց կատարումն ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։
«Մենք բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելու ժամանակ արձանագրել ենք, որ գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի նախարարությունը նույն եզրակացությունն է անում, բայց այդ նյութից հասկանալի չէ՝ համայնքապետն ինչ պետք է անի, դրա պատճառը որն է: Այսինքն՝ մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարին գալիս է, կրկին ֆիքսում ենք: Հանձնարարականի երկրորդ կետի կատարման համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի առաջին կետը լինի հաշվելի, հասկանալի», - ասել է Կարեն Կարապետյանը՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով խնդիրը հստակ ձևակերպել:
Փետրվար 15, 2018 at 18:43
