Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Չեխիայի Հանրապետության Գորնի Յեժետինա քաղաքում չեխական «Առնիկա» կազմակերպության ծրագրերի հայաստանյան համակարգող Գրեգորի Մալյուկովը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Մոնիկա Երիցյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և հաղորդակցության պատասխանատու Ջուլիա Ամիրաղյանը հանդիպեցին Գորնի Յեժետինայի քաղաքապետ Վլադիմիր Բուրտին։
Նա պատմեց, որ այստեղ ավելի քան 200 տարի ածուխ է արդյունահանվում: Հատվել են անտառները, ջրային աղբյուրները փոխել են իրենց ուղղությունները, վատացել է օդի վիճակը։ Սա ազդել է նաև տեղի բնակչության առողջության վրա, նվազել է բնակչության քանակն արտագաղթի հետևանքով։ Այս շրջանում շատ են հիվանդացությունները նաև երիտասարդների շրջանում։
1991 թվականին իշխանությունը որոշեց սահմանափակել ածուխի արդյունահանումը։ Այս տարիներին սրվել է բնակիչների և հանքարդյունաբերողների միջև կոնֆլիկտը։ Անցկացվել է հանրաքվե քաղաքը փրկելու համար, քանի որ կար այն տեղահանելու ռիսկ։ Հանրաքվեին մասնակցել է բնակչության 70 տոկոսը։ Ներկայում փորձեր են արվում վերականգնել այս փոքր քաղաքը։
Տեղացիները ցանկանում են անցում կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևային, քամու: Արդեն պատրաստ են արևային կայանների նախագծերը։ Քաղաքապետարանն իր միջոցներով է անում։ Խնդիր է կառավարությունից սուբսիդիաներ ստանալը։ Այս առումով քաղաքն ունի աջակցության կարիք բյուջեի ավելացման առումով։ Ըստ քաղաքապետի՝ պաշտոնյաները խոսում են կանաչ տրանսֆորմացիայի մասին, բայց բավարար աջակցություն չեն ցուցաբերում։
Ածուխի հանքերի տարածքներում մտադրություն կա կառուցել ջրամբար և տեղադրել արևային կայաններ։ «Ներկայում այստեղ 3 մեծ հանք է շահագործվում, սակայն տնտեսական ազդեցություն մեր շրջանի համար չունեն։ Աշխատակիցների քանակն էլ շատ կրճատվել է։ Մեզ զարգացման կանաչ լույս է վառած։ Մենք ուզում ենք վերականգնել մեր բնությունը և ստանալ մաքուր էներգիա», - ասաց Վլադիմիր Բուրտը։
Հոկտեմբեր 11, 2024 at 15:38