

www.1in.am
Սևանա լճի ավազանը բնապահպանական աղետի եզրին է. Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը շարունակվում է: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոլոգիական – հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը խոսեցին Սևանա լճի աղտոտման և հանքավայրի ազդեցության շուրջ:
«Մի քանի անգամ դիմել ենք ՀՀ նախագահին, սակայն Բնապահպանության նախարարության կողմից կեղծ փաստաթուղթ է ներկայացվել, որ տվյալ տարածքում հանքավայր կառուցելու թույլտվություն է եղել 1990-ական թթ.: Սևանա լճի տարածքում արգելվում է նման արդյունաբերական հանգույցների շահագործումը, բայց Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է»,- նշեց Հ. Սանասարյանը`հավելելով, որ այդ հանքարդյունաբերության ետևում հզոր մարդիկ են կանգնած:
Ըստ նրա`այս գործի հետքերը տանում են դեպի հանրապետության առաջին դեմքեր, ովքեր էլ հենց օգտվում և արդյունաբերությունից շահույթներ են ունենում: «Մենք շատ լավ գիտենք մեր նախագահին և ներիշխանական անօրինությունները, սակայն պարտավոր ենք այս հարցով դիմել պատկան մարմիններին, որովհետև արդյունաբերության հասցրած վնասը Սևանին անդառնալի կարող է լինել»,- մեկնաբանեց բանախոսը`բարձր գնահատելով Սևանա լճի տնտեսական և բնապահպանական դերը:
Համատեղ ասուլիսի ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանը տեղեկացրեց, որ մի քանի անգամ եղել է Սևանա լճի տարածքում, որտեղ ամբողջությամբ սփռված են եղել աշխատանքի արդյունքում առաջացած քարեր և նյութեր: «Շատ վտանգավոր նյութեր Սոտք գետով լցվում են Սևանա լիճ, որը եթե թունավորվի, կարող է բնապահպանական աղետի հանգեցնել»,- ամփոփեց Ս. Ադամյանը:
Նշենք, որ բնապահպանները հետևողականորեն զբաղվում են հանքավայրի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ և ակնկալում են քաղաքացիների արձագանքն ու աջակցությունը, որպեսզի Սևանա գեղեցկուհին չհանգի բնապահպանական աղետի:
Սեւան են լցվում թունավոր թափոններ
A1+
Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման կասեցումը հնարավոր է կրի ժամանակավոր բնույթ ու ջրվեժն արժանանա Սևանա լճի ճակատագրին,- նոյեմբերի 5-ին լրագրողներին իր մտավախությունը հայտնեց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը։
Բնապահպաններին հաջողվեց 2009 թ. կասեցնել Սոթքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը, սակայն այս տարվա մարտին «GeoProMining Gold» ընկերությունը, խախտելով «Սևանա լճի մասին օրենքը» և չունենալով բնապահպանական փորձաքննություն, լճի ավազանում՝ Սոթքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր։
Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց Սոթքի հանքավայրի ապօրինի շահագործման հետևանքով Սևանա լճին սպառնացող վտանգների մասին։ Սևան են լցվում թունավոր թափոններ, ծանր մետաղներն աստիճանաբար հոսում են դեպի ընդերքի ջրերը։ Նրա հավաստմամբ՝ Սևանը ոչ միայն 34 մլրդ խմ քաղցրահամ ջրի պաշար է, այլև սննդի արտադրության պահեստարան ։
«Սա ողբերգական խնդիր է, Սոթքը պետք է շահագործվեր տասնյակ տարիներ, մինչդեռ այսօր դրված է ամբողջ հանքավայրերի ինտենսիվ շահագործումը՝ 9-10 տարում»,-ահազանգում է պարոն Սանասարյանը։
Նրա կարծիքով՝ այս նախագծի հետևում կանգնած են հզոր ուժեր, որոնք նպատակ ունեն Հայաստանը դարձնել հանքարդյունաբերական օբյեկտ։
«Բավականին կեղտոտ քաղաքականություն է վարում նաև Համաշխարհային բանկը։ Նրա իրականացրած «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրում» պարզ նկատվում է, որ այն նպատակաուղղված չէ Սևանա լճի մակարդակի բարձրացմանը»,-լրագրողներին ասաց Կանաչների միության նախագահը։
Ի թիվս բնապահպանների և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ նամակների՝ հոկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանին ուղղված «SOS Սեւան» նախաձեռնության նամակը նույնպես դեռ պատասխանի է սպասում։ Ի դեպ, Հայաստանում գործում է Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով։
Սևանա լիճը «հարստանում է»
Aysor.am
Նոյեմբերի 5-ին բնապահպանների ասուլիսի թեման Սևանա լճին մոտ գտնվող Սոթքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից հանքարդյուանբերություն իրականանցելու խնդիրն էր:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ Սոթքում հանքաքարի մանրացման և տեսակավորման արտադրություն են կառուցում և այդ մասին հենց նիստի ժամանակ տեղյակ է պահվել ՀՀ նախագահին, Սերժ Սարգսյանը հանձնարարել է էնեգետիւկայի և բնական պաշարների նախարարությանը պարզաբանել իրավիճակը:
Հ. Սանասարյանը հաղորդեց, որ նախարարությունը պատասխան է ուղարկել, որի պատճեն իրենք էլ ստացել են: Այդ փաստաթուղթը, ըստ նրա. կեղծ էր և այնտեղ խոսք չկար, որ այն ապօրինի է:
Այնուամենայնիվ հանձնաժումբ է ստեղծվել, որը բանախոսի փոխանցմամբ, եղել է Սոթքում, հանդիպել հանքավայրի տնօրենի, գլխավոր ինժեների և շինարարի հետ, պարզվել է, որ թույլտվություն չունեն կառուցման, իսկ նախագիծը պատարստ կլինի ավելի ուշ:
«Առանց նախագծի սկսել են շինարարությունը»,- շեշտեց Հ. Սանասարյանը և հավելեց, որ դիմել են Էներգետիկայի նախարարություն, որտեղից իրենց պատասխանել են, որ նախագիծը տրվել է 1982 թվականին: Նա պարզաբանեց, որ եթե ծրագիրը մեկ-մեկուկես տարվա ընթացքում չի իրականացվում, պետք է նոր նախագիծ կազմել:
Հ. Սանասարյանը շեշտեց, որ նման իրավիճակը հանգեցրել է նրան, որ այժմ Սոթքում երկու ամիս է ապօրինի արտադրություն է գնում:
Իր հերթին էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, որ օրենքով արգելվում է Սևանա լճի շրջակայքում հանքարդյուանբերական գործունեություն ծավալել:
Բացի օրենքով արգելքը, նրա փոխանցմամբ, Սոթքում ավելորդ ապարները և թունավոր նյութերը սփռված են ողջ տարածքով և ամբողջ նյութերը լցվում են ուղղակի Սևանա լիճ:
Նոյեմբեր 07, 2011 at 15:52
