Սիգի որս ու վաճառք՝ ձվադրման և արդյունահանումն արգելող ժամանակահատվածում

Սիգի որս ու վաճառք՝  ձվադրման և արդյունահանումն արգելող ժամանակահատվածում

Չնայած 2021թ. դեկտեմբերի 20-ից սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված սահմանվել է այս ձկնատեսակի որսի արգելք և իրականացվում են որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, Սևանա լճում չի դադարում սիգի որսը և դրա վաճառքը:

Սույն թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության աշխատակցիները Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարբեր հատվածներում սիգի ապօրինի վաճառքի երկու դեպք են հայտնաբերել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից՝ Արտաշիսյան փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկվել երկու տղամարդ, ովքեր զբաղվել են համապատասխանաբար՝ 83 և 180 սիգ ձկնատեսակի վաճառքով: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքերի առթիվ կատարվում է քննություն։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից էլ հայտնում են, որ 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 1320 սիգ և 1 իշխան տեսակի ձուկ: Հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում էլ Սևանա լճից դուրս է բերվել 78 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 55 հատ սիգ տեսակի ձուկ: Առգրավված ձուկը հանձնվել է ՊՆ-ին, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Հունվարի 6-ին էլ Ծովագյուղ համայնքում, Սևան լճի ափին, հայտնաբերվել է ձկնորս ապօրինի որս կատարելիս: Ձկնորսի նավակում առկա է եղել 10 հատ սիգ տեսակի ձուկ: Տեղում կազմվել է արձանագրություն և հանձնվել իրավապահ մարմիններին: 

Հիշեցնենք, որ 2021թ. Սևանա լճում սիգի արդյունագործական որսը մեկնարկել էր մայիսի 14-ից և պետք է տևեր մինչև հոկտեմբերի 15-ը: Այնուհետև, սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ 2021թ. դեկտեմբերի 20-ից սկսած պատասխանատու պետական մարմինները խիստ վերահսկողություն սկսեցին իրականացնել Սևանա լճից սիգի ապօրինի որս թույլ չտալու համար: Վերահսկողության միջոցառումներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից կիրականացվեն մինչև 2022թ. հունվարի 15-ը:

Հունվար 12, 2022 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր