Օգոստոսի 7-8-ը Սևանա լճում իրականացվել է ջրի որակի մոնիթորինգ։ Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Նախնական արդյունքների համաձայն՝ լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6 մգ/լ-ից, ինչը բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար (Փոքր Սևանում՝ 6.6-7.6մգ/լ, Մեծ Սևանում՝ 6.7-7.5մգ/լ): Լուծված թթվածնի պարունակության նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20 մ, իսկ Փոքր Սևանում՝ 55 մ խորություններից սկսած՝ հատակամերձ շերտերում նվազելով մինչև 1.9-5.5 մգ/լ (80 մետր խորությունում՝ 3.6 մգ/լ): Թափանցիկությունը Փոքր Սևանում կազմում է 1.9 մ, Մեծ Սևանում՝ 2.1 մ (ըստ Սեկի սկավառակի):
Ֆոսֆատ իոնի պարունակությունը մակերևութային շերտերում՝ Մեծ և Փոքր Սևաններ կազմել է 0.09 մգ/լ, հատակամերձ շերտերում՝ Մեծ Սևանում՝ 0.055 մգ/լ, Փոքր Սևանում՝ 0.210 մգ/լ։ Նախորդ ամսվա համեմատ Մեծ Սևանի բոլոր շերտերում, ինչպես նաև Փոքր Սևանի մակերևութային շերտերում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում: Փոքր Սևանի 30-80 մ խորություններում նախորդ ամսվա համեմատ դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության աճ` պայմանավորված կենսազանգվածի քայքայմամբ։
Օգոստոս 15, 2023 at 17:16