Ինչ ձուկ կարելի է որսալ 2024թ․ սիրողական ձկնորսության ժամանակաշրջանում, Շրջական միջավայրի նախարարությունը նախագիծ է շրջանառել

Ինչ ձուկ կարելի է որսալ 2024թ․ սիրողական ձկնորսության ժամանակաշրջանում, Շրջական միջավայրի նախարարությունը նախագիծ է շրջանառել

2024թ. փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը կթույլատրվի սիրողական ձկնորսության նպատակով որսալ կարմրախայտ, ծիածանախայտ ֆորել, կովկասյան թեփուղ, սպիտակ ամուր, սև ամուր, կուրի կողակ, կուրի բեղաձուկ, ճանար, արևելյան տառեխիկ, ծածան, սպիտակ հաստաճակատ, խայտաբղետ հաստաճակատ, արծաթափայլ կարաս, մուրծա, բրամ, լոքո և խեցգետին: Նշված ձկնատեսակների նկատմամբ որսն արգելվում է դրանց ձվադրման ժամանակատվածում, իսկ խեցգետնի համար՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածում:

Այս մասին նշված է«2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության նախագծում, որը մշակել և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումն ու կենդանական պաշարների կայուն կառավարումն է։ 

Նախագծով սահմանվում է, որ Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ պետք է սահմանվի մինչև 2024թ. նոյեմբերի 15-ը։

ՀՀ ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվելու է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով: Սիրողական ձկնորսությունն իրականացվելու է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով, խեցգետնի որսն իրականացվելու է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։

Սիրողական ձկնորսության կենդանատեսակների և դրանց չափաքանակների սահմանման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2023թ. դեկտեմբերի 5-ի N2459-346 գրությամբ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված առաջարկությունները:

Հունվար 24, 2024 at 15:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր