2024 թվականի գարնանային վարարումները հանրապետությունում սկսվեցին 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից, գրանցվեցին առատ տեղումներ ու վարարումներ, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։
Իրավիճակը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը «Արմենպրես»-ի մամուլի ակումբում։
«Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերն ինտենսիվ տեղումներ դիտվեցին Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվեցին ջրի մակարդակի կտրուկ բարձրացումներ, նախորդող օրվա համեմատ՝ 2-3 մետրով։ Այդ ամենի հետևանքով հեղեղվեցին շրջակա ափամերձ տարածքները՝ զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։ Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 խմ/վ, մինչդեռ նախորդող օրը երեկոյան այն կազմել էր 119 խմ/վ։
Ձորագետ-Գարգառ դիտակետում այն կազմել է 350 խմ/վ, նախորդող օրը՝ օրը 73 խմ/վ։ Նախորդող օրվա ջրի ելքերի համեմատ Դեբեդ և Աղստև գետավազանում դիտվեց 4․5-5․5 անգամ մեծացում։ Դիտված ջրի ելքերն այդ դիտակետերի մեծ մասի համար վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքն էին և երկրորդը դիտարկումների ողջ պատմության ընթացքում», - ասաց Լևոն Ազիզյանը։
Նա ներկայացրեց իրավիճակը Սևանա լճի ավազանում։ 2024 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․17 մ։ Լճի մակարդակը սկսել է բարձրանալ մայիսի 14-ից։ Հունիսի 4-ի դրությամբ այն կազմում է 1900․58 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 10 սմ-ով։
«Ապրիլին 11 սմ-ով է բարձրացել լճի մակարդակը, որը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ մայիսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով, որը վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է», - ասաց Լևոն Ազիզյանը։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 3-ը ներառյալ կազմել է 121 միլիոն 627 հազար խմ, որը կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ջրի քանակն արդեն իսկ 7 խմ ավելի է 2023 թվականի ողջ տարվա ընթացքում տեղափոխված ջրի քանակից։ Այս տարի դեռ ջրի բացթողումներ չկան։ Իսկ հանրապետության 5 ջրամբարներում ջրի ծավալի գումարային մեծությունները կազմում է 683 միլիոն խմ, որը 2023 թվականի նույն օրվա ցուցանիշից ավել է 302 միլիոն խմ-ով։
Լևոն Ազիզյանը նշեց, որ 2024 թվականի մարտին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մարտին թողարկված գարնանային վարարումների տեղեկագրում կանխատեսումները Սևանա լճի մակարդակի, ջրամբարների ջրալցվածության, գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալների ուղղությամբ գրեթե 100 տոկոս արդարացվել են։ Չեն արդարացվել միայն Դեբեդ և Սղստև գետերի ավազաններում առավելագույն ելքի մեծությունների կանխատեսումները։
Հունիս 04, 2024 at 16:42