ԵՄ-ն 1,5 միլիոն եվրո է հատկացրել Սևանի կենսաբազմազանության պահպանման ծրագրին․ լճի առանցքային խնդիրները

ԵՄ-ն 1,5 միլիոն եվրո է հատկացրել Սևանի կենսաբազմազանության պահպանման ծրագրին․ լճի առանցքային խնդիրները

Եվրոպական միության 1,5 միլիոն եվրո աջակցությամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում մեկնարկել է «EU4Biodiversity in Sevan․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման խթանում» («ԵՄ-ն՝ հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանման») եռամյա ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ևս 30 հազար եվրո ներդրումով, իսկ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, հանդես է գալիս որպես գործընկեր։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ ծրագիրը շարունակելու է նախորդ նախաձեռնությունները՝ նպաստելով մշտադիտարկման համակարգի և տվյալների բազայի կատարելագործմանը՝ լճի վրա կենսաբազմազանության կորստի ազդեցությունը գնահատելու նպատակով։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը միտված է ավելի ուժեղ բնապահպանական կառավարմանը, գիտահեն վերականգնման աշխատանքներին և ինստիտուտների, տեղական համայնքների ու զարգացման գործընկերների միջև սերտ համագործակցությանը։ Աշխատանքներ կտարվեն տեղական համայնքների, ձկնորսների, երիտասարդների և դպրոցականների ներգրավման ուղղությամբ, կարդիականացվի «Սևան» ազգային պարկի այցելուների կենտրոնը, կբարեկարգվեն զբոսաշրջային արահետները։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նախաձեռնության մեկնարկին կարևորել է ինստիտուցիոնալ կարողությունների, գիտության, տեղական գործողությունների և կայուն ֆինանսավորման համադրումը․

«Մեր նպատակը պարզապես առաջիկա երեք տարիների ընթացքում մի շարք միջոցառումներ իրականացնելը չէ։ Մենք ձգտում ենք օգնել՝ ստեղծելու ավելի ուժեղ ինստիտուտներ, մշտադիտարկման ավելի հուսալի համակարգեր, առողջ բնական միջավայրեր և բնապահպանության ֆինանսավորման գործնական մոտեցումներ, որոնք կարող են շարունակել օգուտ բերել նաև ծրագրի ավարտից հետո»։

ՄԱԶԾ ծրագրի համակարգող Մագդա Ավետիսյանը ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները․

  • վերականգնել Սևանի էկոհամակարգի որոշ հատվածներ՝ մասնավորապես գետափերն ու գետաբերանները (իշխանի պոպուլյացիայի վերարտադրության համար կարևոր 2 գետ և 2 գետահատված),
  • կիրառել ձկնորսության կառավարման բարելավված մոտեցումներ և ժամանակակից տեխնոլոգիաներ,
  • հեռազննման մեթոդով գույքագրել ավազանի 10 հազար հեկտար անտառածածկույթը,
  • տեղական էնդեմիկ տնկիներով զարգացնել «Սևան» ազգային պարկի անտառտնկարանի հզորությունները։

Բացի այդ, ծրագիրն ուսումնասիրելու է էկոհամակարգի վերականգնման ֆինանսավորման նոր մոտեցումներ՝ աջակցելով «Սևան» ազգային պարկի համար կայուն եկամուտ ապահովող հնարավորությունների ստեղծմանը (այդ թվում՝ ռեկրեացիայի և էկոտուրիզմի միջոցով)։ Մասնավոր հատվածի ներգրավման համար դիտարկվում են խթանման մեխանիզմներ՝ ներառյալ բիզնեսի «կանաչ պիտակումը» և տեղական բիզնեսներին ավելի «կանաչ» գործելակերպի խրախուսումը։

Լեհաստանում գործող «Լուրեր Հայաստանից» (VT Hayastan News) ծրագրին տված հարցազրույցում Սևանա լճի բնապահպանական խնդիրներին է անդրադարձել «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։ Նա առանձնացրել է լճի ափամերձ տարածքների կառուցապատման խնդիրը՝ նկատելով, որ նույնիսկ առանձին շինությունների ապամոնտաժման դեպքում դրանք սպասարկող ենթակառուցվածքների հարցը մնում է բարդ լուծելի։

Անդրադառնալով լճի ջրի որակի վրա գյուղատնտեսական, անասնապահական գործունեության, հարակից արտադրությունների և հանքերի բացասական ազդեցությանը՝ Ինգա Զարաֆյանը նշել է․

«Մենք մի քանի տարի շարունակ ունենք Սևանի ծաղկում․ դա արդեն կրկնվող ցիկլ է, որը ցույց է տալիս Սևանա լճի շատ վատ վիճակը»։

Բնապահպանի գնահատմամբ՝ հաջորդ լուրջ խնդիրը ջրի ցածր մակարդակն է, ինչը խաթարում է լճի ինքնամաքրման բնական գործընթացները։ Զարաֆյանը Սևանա լճի մակարդակը պայմանավորել է մեծաքանակ ջրառով։



Նոյեմբեր 18, 2026 at 18:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր