ԱՂԲԸ ՍԵՎԱՆՈՒՄ` ԽՆԴԻՐ, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԴԵՌ ՉԵՆ ԼՈՒԾԵԼ

ԱՂԲԸ ՍԵՎԱՆՈՒՄ` ԽՆԴԻՐ, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԴԵՌ ՉԵՆ ԼՈՒԾԵԼ

ԷկոԼուր

Սևանա լճի ավազանում կենցաղային թափոնների տեղաբաշխման եւ կառավարման  նախագիծը պարզվեց` ամբողջական չէ եւ լրամշակման կարիք ունի: Այդպիսին է փետրվարի 18-ին` Գավառում, «Հայնախագիծ» ընկերության եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության կազմակերպած հասարակական լսումների մասնակիցների մեծամասնության կարծիքը: Պարզվեց, որ նախագծային առաջարկություններին ծանոթ են միայն հեղինակները եւ բնապահպանական փորձաքննությունը:

Ըստ նախագծի` ենթադրվում է ստեղծել 5 աղբավայր ողջ Գեղարքունիքի մարզի համար: Մեկը պետք է լինի մարզային նշանակության եւ գտնվի Վարդենիսում, իսկ մնացած չորսը աղբի ժամանակավոր հավաքման համար են, որտեղից աղբը կտարվի Վարդենիս:

Նախագծին կից առաջարկվում է նաեւ գլխավոր աղբավայրի մոտ կառուցել աղբի այրման գործարան, որի արժողությունը նախագծողները գնահատեցին 5 միլիարդ դրամ (մոտ 15 միլիոն դոլլար) եւ հայտարարեցին, որ գործարանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Ասիական զարգացման բանկը: Անկախ նրանից, բանկը վարկ կտրամադրի, թե ոչ, նախագծի ֆինանսավորումը ենթադրվում է իրականացնել պետական գումարներով, քանի որ բանկի վարկը հարկավոր կլինի վերադարձնել բյուջետային միջոցներից:

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում թափոնների կառավարման հարցը գերխնդիր է: Սակայն, նրա խոսքերով, նախագիծը լրամշակման կարիք ունի. շատ բաներ հաշվի չեն առնվել, օրինակ` համայնքների կարծիքը, որոնց տարածքում պետք է տեղակայվեն աղբավայրերը:

Ամենաթերի հարցերից է աղբի այրման գործարանի կառուցման հարցը: Այրման ընթացքում առաջացող վնասակար նյութերի` մասնավորապես դիոկսինի արտանետումից խուսափելու համար անհրաժեշտ է թափոնների առանձնացում: Թե ինչպես են դրանք առանձնացվելու, նախագծում չի ասվում:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի կարծիքով`գործարանի շահագործման համար ավելի շատ աղբ կպահնաջվի, քան առաջանում է քիչ բնակչություն ունեցող Գեղարքունիքի մարզում:

Ապա ո՞րն է լուծումը, աղբի հավաքու՞մ հարեւան մարզերից:  Նշանակում է Սեւանի ավազան մուտք կգործեն թափոններ, որոնք պարունակում են, օրինակ, պոլիէթիլեն, որն արդեն իսկ վտանգ է ներկայացնում Սեւանի էկոհամակարգին:

«Հաշվի առնելով Սեւանա լճի ռազմավարական նշանակությունը` պետական ծրագիր է հարկավոր, որը հաշվի կառնի բոլոր ռիսկերը»,- կարծում են Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ «ԷկոԼուր»-ը:

Մարզպետի հրամանով ստեղծվեց աշխատանքային հանձնաժողով, որը արագ կերպով պետք է ուսումնասիրի խնդիրը եւ մինչեւ մարտի 2-3-ը ներկայացնի առաջարկություններ:

Փետրվար 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր