Վ. ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ «ԷԿՈԴԱՐ» ՀԿ-Ի ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

«Արմենպրես»

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Էկոդար. հասարակական կազմակերպությունը տարածել է տեղեկատվություն, թե իբր «Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը միացել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ կազմակերպված ստորագրահավաքին»:

Հարցի առնչությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությանը պարզաբանումներ է տվել Ռիտա Սարգսյանի օգնական Վիկտորյա Ոսկանյանը: Վերջինս տեղեկացրել է. «Զարմանք եւ տարակուսանք է առաջացնում «Էկոդար» կազմակերպության կողմից տարածված տեղեկությունը. իրականում, միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաեւ հանրապետության Առաջին տիկինը, Ռիտա Սարգսյանին են մոտեցել երիտասարդներ, ովքեր ներկայանալով որպես բնապահպանական ընկերակցության անդամներ, խնդրել են նրա ստորագրությունն ի աջակցություն մեր երկրում կանաչ տարածքների եւ անտառների պահպանման:
 
Տիկին Ռիտա Սարգսյանը մշտապես աջակցել եւ հիմա էլ աջակցում է հանրապետության կանաչ տարածքների եւ անտառների պահպանմանը, ինչի օգտին եւ իր ստորագրությամբ հայտնել է իր աջակցությունը: Այն, որ ստորագրահավաքի կազմակերպիչները Առաջին տիկնոջ ստորագրությունը ներկայացրել են որպես աջակցություն ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման, զարմանալի է եւ չի տեղավորվում հասարակական կազմակերպությունների գործունեության օրինակելի վարքագծի շրջանակներում: Պետք է ափսոսանք հայտնել, որ կազմակերպությունը, թեկուզուեւ բարի նպատակների համար, կիրառում է նման անազնիվ եւ անընդունելի գործելաոճ»:

Հունիս 05, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր