

ԷկոԼուր
Սևանա լճի համար պայքարում ձեզ հետ են նաև Գեղարքունիքի մարզի ՀԿ-ները, ասված է «ԷկոԼուր»-ին ուղղված Սեւան քաղաքի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նամակում: Այս նախաձեռնությունը Սևանա լճի ափամերձ համայնքների համար կենսական և ռազմավարական նշանակություն ունի, գրում է ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը` նշելով, որ էլեկտրոնային տեղեկատվությունը միշտ չէ, որ հասանելի է այն համայնքենրի բնակիչների համար, ովքեր գտնվում են աղտոտման անմիջական ազդեցության տակ: «Նրանք, ովքեր առաջինն են թունավորվելու կամ արդեն թունավորված են, չեն էլ պատկերացնում, թե դա ինչի հետևանք է և իրենց հասանելի միակ հեռուստատեսությամբ լսում են, որ «GeoProMining Gold»-ը Վարդենիսում մշակույթի տուն է վերանորոգում և այլ բարեգործություններ անում: Գյուղատնտեսության համար անբարենպաստ բնակլիմայական պայմաններում գտնվող այս համայնքներում, որտեղ մարդկանց հիմնական զբաղվածությունը եղել է ձկնորսությունը, իսկ այսօր արդեն եկամտի միակ աղբյուր հանդիսացող ձուկն այլևս չկա, մեծ գայթակղություն է հանքարդյունաբերության մեջ աշխատելու հնարավորություը, այն էլ, երբ ոչ մի տեղից տեղեկատվություն չունեն, թե վերջնական արդյունքում որքան թանկ է նստելու իրենց վրա այդ աշխատանքը»,- ասված է նամակում:
Սաթիկ Բադեյանը կարծում է, որ պետք է մեծ աշխատանք տանել լճի ափամերձ համայնքներում, որպեսզի նրանք հասկանան խնդիրը եւ միանան կամպանիային:
Նոյեմբեր 01, 2011 at 13:03
