ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆՈՖՈՆԴԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

«Հրապարակ»

Գտնելով նվազ աղտոտված հողատարածքներ կամ աճեցնելով մշակաբույսեր, որոնք քիչ են կլանում թունավոր նյութեր, հնարավոր է՝ եթե ոչ բացառել, ապա գոնե նվազեցնել վտանգը:

Ամեն ինչ տալ մասնավորին, թողնել, որ շուկան ինքն իրեն կարգավորի. այսպիսի մոդեռնիստական մոտեցման արդյունքում խորհրդային Հայաստանի փլուզումից հետո սեփականացվեցին բոլոր հանքավայրերը: «Դա արվեց ամենատգետ ձեւով: Հաճախ մեկ հանքախորշը կամ այլ օբյեկտը մի քանի տերերի էր վաճառվում: Ըստ էության, մենք չէինք իրագործել պետական անկախության հիմնական սկզբունքներից մեկը՝ բնական ռեսուրսների էֆեկտիվ կառավարումը»,- սա ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Արմեն Սաղաթելյանի գնահատականն է:

Օսլոյի մանկապարտեզներում գիտնականները հետազոտություններ են կատարել եւ պարզել են, որ յուրաքանչյուր մանուկ օրվա ընթացքում ակամա կուլ է տալիս 3 գ հող: Այս բացահայտումից հետո Նորվեգիայի մայրաքաղաքի խաղահրապարակներում հողածածկույթը փոխարինվեց հատուկ մաքրված շերտով: ՀՀ ԳԱԱ էկոնոոսֆերային կենտրոնը նորվեգական փորձը կիրառեց Քաջարանում, որը հայտնի է որպես էկոլոգիապես ամենաաղտոտված գոտի: Բայց քչերը գիտեն, որ Արարատյան դաշտավայրն ուղղակի վարակված է մկնդեղով, որը ծանր մետաղ է` խիստ վտանգավոր է առողջության համար: Կապարը, պղինձը, սնդիկը շատ կայուն են, իսկ բնությունը չունի դրանցից ինքնամաքրվելու մեխանիզմ: Շատ տեղերում թունավոր այդ նյութերը սննդի հետ ներխուժում են մարդու կամ կենդանու օրգանիզմ՝ իրենց հեռահար եւ աննկատ ազդեցությամբ վնասելով ժառանգականության համակարգը: Գրեթե բոլոր հանքալեռնային շրջաններում նկատվում է երեխաների սակավարյունության` անեմիայի աճ: Այս իմաստով հատկապես աղտոտված է Հարավային Հայաստանը` Ղափանը, Քաջարանը, Ագարակը, Ալավերդին, Ախթալան: Այսպիսով, մենք աստիճանաբար կորցնում ենք կենսագոյատեւման հիմնական ռեսուրսը` հողածածկույթը, որի պահպանման համար այսօր անհրաժեշտ է հատուկ պետական ծրագիր:

«Գրեթե երկու տասնամյակ է՝ հանքալեռնային կոմպլեքսներում խախտվում են շահագործման բոլոր նորմերը, չկա ոչ մի վերահսկողություն, հանքարդյունաբերական ջրերը գալիս-խառնվում են ոռոգման ջրերին: Հետեւանքն այն է, որ ահռելի ծավալի հողատարածքներ աղտոտվում են ծանր մետաղներով, իսկ դրանք, ինչպես հայտնի է, առաջին կարգի տոքսիկ նյութեր են»,- պատմում է Արմեն Սաղաթելյանը:

Տնտեսության անկումը ողջ աշխարհում առաջ է բերում նոր խնդիր` պարենային ճգնաժամ: Այս պայմաններում Հայաստանը, որն աշխարհին հայտնի է համեղ եւ հյութեղ մրգով եւ բանջարեղենով, կարող էր խթանել դրանց արտահանումը՝ սա տնտեսության առաջնահերթ ուղղություն դարձնելով: Սակայն այսօր դա հնարավոր չէ, քանի որ նույնիսկ ավանդական գյուղատնտեսական տարածքների բերքը չի համապատասխանում արտահանման չափանիշներին, էկոլոգիապես մաքուր չէ: «Սա պարզում ենք, երբ ստուգում ենք մեզ դիմող անհատ ձեռներեցների գյուղմթերքը»,- ասում է դոկտոր Սաղաթելյանը:

Երեւանի աղտոտված հողերի վրա շուրջ 20 տարի է՝ հիմնված են տնամերձեր, որոնք կերակրում են բազմաթիվ ընտանիքների: Նույնն է վիճակը Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Էջմիածնում: Ծանր սոցիալական վիճակում հայտնված մարդկանց համար մեկ է, թե ինչ ուտել, միայն թե սոված չմնան: Շուկա մտնող գյուղմթերքն ընդհանրապես չի ստուգվում: Երեւանի Նոր Նորք համայնքում աճեցված բանջարեղենը ջրվում է կոյուղաջրով, որը, բացի ախտածին լինելուց, գերհագեցած է ծանր մետաղներով: Գտնելով նվազ աղտոտված հողատարածքներ կամ աճեցնելով մշակաբույսեր, որոնք քիչ են կլանում թունավոր նյութեր, հնարավոր է՝ եթե ոչ բացառել, ապա գոնե նվազեցնել վտանգը:

Հուլիս 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր