

ԷկոԼուր
Ի պատասխան «ԷկոԼուր»-ի պահանջին` դադարեցնել փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցումը Արգիճի գետի վրա (Գեղարքունիքի մարզ), Բնապահպանության նախարարությունը խորհուրդ է տալիս դիմել համապատասխան համայնքների ղեկավարներին:
Միեւնույն ժամանակ պահանջի հիմնավորման մեջ նշված էր, որ ջրօգտագործման թույլտվությունը, որը «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն 2004թ-ին ստացել է նախարարությունից, ժամկետնանց է եւ անվավեր է համարվում: Այսինքն` ընկերությունն իրականացնում է անօրինական գործունեություն, որը պետք է վերահսկի բնապահպանական տեսչությունը: «ԷկոԼուր»-ի հայտարարության այս մասի վերաբերյալ նախարարությունը պատասխանում է, որ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են:
Նշենք, որ Արգիճի գետի վիճակի ուսումնասիրության գործընթացն ձգվում է դեռ ամառվանից, եւ մինչ օրս այդ ուսումնասիրությունները որեւէ արդյունք չեն տվել:
Եզրակացությունն այն է, որ Բնապահպանության նախարարության իրավասու մարմինները ի վիճակի չեն այդքան երկար ժամանակահատվածում այնպիսի հասարակ գործողություններ կատարել, ինչպիսիք են` ստուգել ընկերության փաստաթղթերի առկայությունը եւ տեսնել, թե իրականացվող գործունեությունը համապատասխանում, կամ չի համապատասխանում այդ փաստաթղթերին: Կամ էլ Բնապահպանության նախարարությունը մեզ անհայտ պատճառներով խուսափում է Արգիճի գետի վրա «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնել: «ԷկոԼուր»-ն առաջարկում է Բնապահպանության նախարարության ղեկավարությանը պատասխանատվության կանչել տեսչության աշխատակիցներին, ովքեր ունակ չեն կատարել իրենց համար նախատեսված գործողությունները, եւ հրապարակել արդյունքները:
Նոյեմբեր 13, 2012 at 11:59
