

ԷկոԼուր
Բիզնեսի թիրախում կրկին հայտնվել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը: Այս անգամ խոսքը «Սևանա լճում իշխանի պաշարների զարգացման և ձկնաբուծության համալիր ծրագրի» մասին է, որն այժմ գտնվում է փորձաքննության փուլում: «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված այս ծրագիրը դժգոհության մեծ ալիք առաջացրել բնապահպանների և լայն հասարակության շրջանում: Ըստ ծրագրի՝ մինչև 2023թ-ը նախատեսվում է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը Սևանա լճում հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի, ինչի համար տարեկան լիճ պետք է լցվի նաև 50 000 տոննա ֆոսֆոր և ազոտ պարունակող արհեստական կեր: Յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան ընդամենը1.5%-ը ծրագրով բաց կթողնվի, մնացածը կարտահանվի:
Ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը տեղի ունեցավ հունվարի 16-ին` Երևանի Օրհուս կենտրոնում: Քննարկման մասնակից «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը նշեց, որ ծրագրի նպատակը ոչ թե բիզնես շահն է, այլ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը, ինչի համար էլ ծրագիրը ներկայացված է որպես բնապահպանական: Իսկ արհեստական կերում պարունակվող ֆոսֆորի և ազոտի վերաբերյալ ասաց. «Երբ մենք հասնենք 50 000 տոննա արտադրության, ընդամենը 532 տոննա ազոտ և 45-126 տոննա ֆոսֆոր է կուտակվելու լճում, բայց այսօր մենք տարեկան Սևանա լիճ այլ աղբյուրներից ունենք 400 տոննա ֆոսֆոր և 7000 տոննա ազոտի ներթափանցում: Եթե մենք կարողանանք ծրագրի միջոցով իրականացնել փոխհատուցման մեխանիզմները և շրջակա բնակավայրերի կեղտաջրերը հեռացնենք լճից, կստացվի, որ մենք լճից հանում ենք 400 տոննա ֆոսֆոր, փոխարենը դնում ենք 126 տոննա»:
Նման մոտեցման հետ համաձայն չեն բնապահպանները: Նրանց կարծիքով` ծրագիրն ամբողջությամբ հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին և չի կարող կոչվել բնապահպանական: «Ծրագիրն իրավունք չունի կոչվելու բնապահպանական, քանի որ պարունակում է էկոլոգիական ռիսկեր: Բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն գետերը մաքրելուն և ձվադրման վայրերը ազատելուն, սա է բնապահպանական ծրագիր, մաքրել ջուրը, այլ ոչ թե ասել, քանի որ արդեն աղտոտված է, եկեք էլի աղտոտենք»,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
«50 000 տոննա տարեկան` դա սարսափելի թիվ է: Եթե անգամ չապացուցված ռիսկեր կան, դուք իրավունք չունենք ոչ մի գործողություն անելու: Սևանը մեր ամեն ինչն է, կորցրեցինք Սևանը, կորցրեցինք Հայաստանը»,- ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ -ի նախագահ Ելենա Մանվելյանը: Իսկ կազմակերպության տնօրեն Լիլիկ Սիմոնյանն էլ նշեց, որ եթե ջուրը մաքուր լինի, ապա իշխանը ինքը կվերականգնվի. «Իշխանը պետք է ձվադրի գետերում, իսկ գետերն այսօր փակված են ՀԷԿ-երով: Սևանում պետք է աղտոտման պատճառը վերացնել, հետո մաքրել, և ձուկը` ինքը, կվերականգնվի»:
Քննարկման ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ գիտության գծով Վահե Գուլանյանը ներկայացրեց իրենց կողմից կատարած հետազոտությունների արդյունքները. «Հետազոտության համար Սևանա լճում ընտրել ենք 4 դիտակետ` ցանցավանդակների տեղամասերում և ռեֆերենդ տեղամասերում: Ստացված տվյալները բավականին հուսադրող են, սահմանված նորմաները գերազանցող տվյալներ չեն արձանագրվել»:
«Այն, որ մեր հետազոտությունների արդյունքները ոչ մի բացասական բան ցույց չեն տվել, դեռ ոչինչ չի նշանակում: Մեզ համար ռազմավարություն է լճում ոչ միայն քաղցրահամ ջուր ունենալը, այլ նաև ձուկ: Ես կողմ եմ, որ ծրագիրը սկսվի, բայց ոչ նման մաշտաբներով: 500 հեկտարի հետ կատակ չեն անում: Աշխատանքները պետք է կատարվեն, բայց դրան զուգահեռ պետք է կատարվի խիստ մոնիտորինգ: Այն պահին, երբ տեսնենք, որ լճի համար կա թեկուզ մի փոքր վտանգ, պետք է միանգամից կանգնացնենք ծրագիրը: Ծրագրում պետք է հստակ ֆիքսվի` նվազագույն վտանգի դեպքում դադարեցնել ծրագիրը»,- ասաց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Ներկաներից ծրագրի անխաթար հաջողությանն էր հավատում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը. «Մենք փաստեր ունենք, որ Սևանա լճում այսօր իսկական իշխանի փոխարեն վերականգնվում են ինչ-որ անհայտ ձկներ, և պարզ չէ` դա ինչ ձուկ է, կարմրախայտ է, կարմրախայտի գիբրիդ, թե ինչ-որ ուրիշ բան: Սա մեկ հնարավորություն է, որ մենք վերաջապես կարողանանք վերականգնել իշխանի պոպուլյացիան»:
Բարդուխ Գաբրիելյանի այս հայտարարությունն ավելի մեծ խուճապ առաջացրեց մասնակիցների շրջանակներում. «Պարզվում է` այս 10 տարի այն ձուկը չի լցվել Սևան, ինչը պիտի լցվել: Ինչի՞ ենք 60 միլլիոն տարեկան ծախսել, ի՞նչ ենք մենք 60 միլիոնի լցրել Սևան, եկեք, դրա պատասխանը տվեք: Ի՞նչ եք կպել Սևանից...Փաստորեն այս 10 տարի Սևանա լիճ խառնածին ձուկ է լցվել: Ի՞նչ երաշխիք կա, որ այսուհետ էլ այդպես չի լինի»,- բողոքում էին մասնակիցները:
Ի պատասխան բնապահպանների դժգոհությունների Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ պետական հովանավորության տակ նախատեսվում է ստեղծել ձկնային գործարան, և այդ բոլոր գործող ցանցավանդակային տնտեսությունները միայն այդտեղից կարող են վերցնել այդ ձուկը և օգտագործել. «Այսինքն, մենք պետական հովանավորության տակ նախորոք ունենք մի տեղ, որտեղ մենք նախորոք գիտենք` ինչ ձկնատեսակ է»: Բարդուխ Գաբրիելյանը մասնակիցներին կոչ արեց աղմուկ բարձրացնել ոչ թե ծրագրի, այլ ՀԷԿ-երի համար, որոնք չորացնում են գետերը:
Հասարակական գործիչ Գագիկ Սուխուդյանի կարծիքով` հարկավոր է փոխել նախագծի անունը, քանի որ այն ոչ մի կապ չունի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման հետ.«Սա շատ լավ բիզնես նախագիծ է: Բացատրեմ ինչի. մի ցանցը, որ պետք է սարքեն, 25 մ տրամագիծ ունի, 10 մետրի վրա պիտի մտնի: Դա անում է 5000 խմ, որ եթե բազմապատկես լիտրի, անում է 5 լիտր ջուր վայրկյանում: Եթե դուք այդ տնտեսությունը ունենայիք Արարատյան դաշտավայրում` արտեզյան ջրերի վրա, ինչքա՞ն գումար պիտի մուծեիք ջրի համար: Դա մեկ, ինչքա՞ն պիտի բետոնի աշխատանք անեիք, դա երկու, բերել եք Սևան, որովհետև Սևանի ջուրը ձրի է ձեզ համար: Դուք այնտեղ վանդակներ եք սարքում, գազանանոց եք սարքում: Ձեր ուստավում ձուկ էլ չկա: Պարզվում է` պետությունը փող է տալիս, այսինքն` բանկերից էլ փող չեն վերցնում, անունն էլ դնում են Սևանի հիմնադրամ: Ժողովրդի փողերով, մեր հարկերով ուզում եք բիզնես անեք»,- ասաց Գագիկ Սուխուդյանը: Նա առաջարկեց ընկերությանը իրենց ցանցային տնտեսությունը տեղադրել Սպանդարյանի ջրամբարում, Մանթաշում, այլ ոչ թե միանգամից մտնել Սևան:
Հայաստանի կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանը նույնպես կարծում է, որ խոսում է բիզնես շահը.«Պարզ է, որ բիզնես է արվում ազգային հարստության հաշվին: Ո՞վ է կրելու իրավաբանական պատասխանատվություն, ո՞վ պետք է փոխհատուցի վնասները, ընկերությունը պատրա՞ստ է դա անել, թե հետո ընկնելու ենք` Պողոս Պետրոսի հետևից փոխհատուցում ուզենք»:
Անկախ փորձագետ Սեյրան Մինասյանի կարծիքով` ծրագրում անպայման պետք է վերամշակվի բնապահպանական բաղադրիչը. «Այս ծրագրում գոյություն չունի շրջակա միջավայրի վրա ներգործության գնահատում (ՇՄԱԳ): Հետաքրքիր է` ի՞նչն են գնահատում փորձաքննությունում, չեղա՞ծն են գնահատում»,-ասաց Սեյրան Մինասյանը: Նրա կարծիքով` մոնիտորինգի ծրագիրը արվել է բավականին թերի. «Այստեղ պետք է լավ մոնիտորինգային ծրագիր, որը պետք է կազմվի խիստ պրոֆեսիոնալ և պետք է վերահսկվի ոչ թե նախարարության, ձկնաբանության ինստիտուտի կամ ՀԿ-ների մոնոպոլիայով, այլ լինի խիստ գիտական»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանի մտահոգությունը կապված էր ծրագրի իրականացման հետ. «Մենք կարող ենք ունենալ շատ լավ ծրագիր, բայց ինչպիսի՞ն կլինի ծրագրի իրականացումը, դա է խնդիրը»: Կարինե Դանիելյանը օրինակ բերեց փոքր ՀԷԿ-երի ծրագիրը. «Մենք շատ գոհ էինք, երբ սկսում էինք փոքր ՀԷԿ-երի ծրագիրը որպես այլընտրանքային էներգետիկայի զարգացում: Հիմա մենք պայքարում ենք ՓՀԷԿ-երի դեմ, որովհետև այնպես է իրականացվում դա, որ բոլոր նորմերը խախտվում են՝ և սոցիալական և էկոլոգիական առումով»:
Քննարկման ավարտին Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը առաջարկեց, որ այսպիսի քննարկումներ լինեն Սևանի այն բոլոր համայնքներում, որտեղ զբաղվում են ձկնորսությամբ, վաճառքով և այլն: «Նորատուսցին սովորել է ձուկ բռնելուն, և ոչ ոք չգիտի, թե նա վաղը ինչ է անելու, եթե Սևանը փակեն իր համար: Ոչ մի օլիգարխ, ոչ մի պետություն, ոչ ոք այդ մարդկանց դեմը չի առնելու, եթե իրենց երեխաների հացը փորձեն կտրել: Այս ծրագիրը պետք է ներկայացվի այդ մարդկանց և բացատրվի, թե իրենք այդ ծրագրում ինչ գործ են ունենալու և ինչպես են լուծվելու իրենց սոցիալական խնդիրները: Բացի այդ, մենք պետք է չմոռանանք, որ միայն ձկնապաշարով չէ: Լճում կարող է լինել շատ ձուկ, բայց լիճը ամբողջությամբ լցված լինի ազոտով , մենք չպետք է մոռանանք, որ Սևանը համարվում է նաև հանգստի գոտի»,- ասաց Լիանա Ասոյանը:
Հունվար 20, 2014 at 14:19











