

ԷկոԼուր
«S.O.S. Սևան» քարոզարշավը թափ է հավաքում Սևանի փրկության համար պայքարում: «S.O.S. Սևան» նախաձեռնությանն արդեն միացել են Էկոլոգիական հասարակական դաշինքը իր 50 կազմակերպություններով, բացի ձեռնպահ մնացած երկու կազմակերպությունից, Համահայկական բնապահպանական ճակատը և «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» և « Բլեջան » ՀԿ-ները, Սևանի երիտասարդական ակումբը, ափամերձ համայնքների բնակիչներ, ինչպես նաև իրավապաշտպան, սոցիալական, լրագրողական, առողջապահական ուղղվածություն ունեցող ՀԿ-ներ և Քաղաքացիական հասարակության ֆորումի կազմակերպությունների մեծ մասը:
Ապրիլի 25-ին Սևան քաղաքում անցկացված քայլերթի ժամանակ Սևանի փրկության համար իրենց ստորագրություններն են դրել 150-ից ավելի սևանցիներ: Իսկ 1250-ից ավելի քաղաքացիներ ստորագրել են www.change.org կայքով:
Այսօր՝ ապրիլի 26-ին, Սևանի խնդրի շուրջ միանգամից երկու մամուլի ասուլիս է անցկացվել Երևանում:
«Արարատյան դաշտին եղած ջուրը լրիվ բավարար է. Ազատի ջրամաբարը, որը տանում է 70 միլիոն խմ ջուր, Հրազդանի ջրամբարը, Մեծամոր գետը: Արարատյան դաշտի համար Արաքս գետից նույնպես կարող են ջուր վերցնել»,- ասաց Սևանի բնակիչ, ձկնաբան Հենրիկ Մանուկյանը «Ելակետ » մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչ վերաբերում է ձկնաբուծության ծրագրին, Հենրիխ Մխիթարյան ն ասաց. « Լիճը ո՞նց դիմանա 50 000 տոննա ազոտին, դա թշնամություն է»: «Մինչև 2014 թվականը այդ 170 միլիոնը բավականացնում էր, մեկ էլ սկսեց չբավականացնել: Ի՞նչն է փոխվել»,- զարմանում է հասարակական գործիչ Գագիկ Սուխուդյանը:
«Ձեռնտու չէ Սևանի բարձրանալը ափամերձ տնտեսություններին, որովհետև այնտեղ ունեն հյուրանոցներ, ռեստորաններ, ամառանոցներ և այլն: Պետությանը ձեռնտու չէ, որովհետև ջուրը բարձրացնելը կապված է մեծ ծախսերի հետ. ջրի բարձրացնելը պահանջում է բարդ նախագիծ, որով պետք է տեղափոխվեն ճանապարհները, կոմունիկացիաները և այլն, ինչին պետությունը պատրաստ չէ: Կասկած չկա, որ այդ 5 տարիների ընթացքում 25-30 սմ ջրի մակարդակը կիջնի: Սևանից ավելի ջրի բացթողումները ձեռնտու է նաև ռուսական ընկերությանը, որը շահագործում է Սևան-Հրազդան կասկադը և արտադրում է էլեկտրոէներգիա: Հաջորդը, ում է ձեռնտու, որ Սևանից շատ ջուր գնա: Նախիջևան-Իրան սահմանում կա մեծ ջրամբար, որի տարողությունը 900 միլիոն խորանարդ մետր է, 3-4 տարի առաջ այդ ջրամբարի ծավալները ավելացվեցին մինչև 1 միլիարդ 200 միլիոն միլիոն խորանարդ մետր, ուրեմն նրանց է ձեռնտու, որ Սևանից ավելի շատ ջուր գնա»,- հայտարարեց Գագիկ Սուխուդյանը:
«Արփա-Սևան ջրանցքը կանգնացրել ենք, Որոտանի կասկադը վաճառեցինք, այս պայմաններում պարզ է, որ Սևանը նորից կսկսի ճահճանալ: Եթե օրենքն ընդունվեց, մենք կունենանք անկում, մենք կգանք 78 թվի վիճակին, երբ ջրիմուռներով ծածկված էր ամբողջ լիճը» ,- ասաց հասարակական գործիչը՝ նշելով, որ լճի համար մահացու է նաև արհեստական ձուկ աճացնելու նախագիծը՝ անվանելով այն «էքսպերիմենտալ»:
«Արարատյան դաշտն ընդամենը յոթ տարվա ընթացքում մեզ հաջողվեց ուղղել դեպի անապատ: Ձկնաբուծարանների տարածքում տեղի է ունենում ճահճացում, մնացած տարածքներում՝ անապատացում», - այս մասին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը «Զարկերակ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ պետք չէ սխալները ուղղել Սևանի հաշվին:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց պատճառները, որոնք հանգեցրել են ջրբացթողումների ծավալի ավելացմանը. « Պատճառ առաջին՝ մեր կառավարման համակարգը ոչինչ չի արել ափերը նախապատրաստելու Սևանի բարձրացմանը, հետևաբար բարձրանալու դեպքում ափամերձ շենքերը կ անցնեն ջրի տակ: Պատճառ երկրորդ՝ մեր էներգետիկ համակարգը: Սևան-Հրազդան կասկադը ոռոգման շրջանում ստանում է էլեկտրոէներգիա, ոռոգման շրջանը ավարտվում է, այլևս չի ստանում: « Միջազգային էներգետիկ կորպորացիա » ՓԲԸ-ն վարկ է վերցրել երկու խոշոր զարգացման բանկերից՝ Եվրոպական և Ասիական բանկերից, պետք է տա այդ վարկը: Միայն էլեկտրոէներգիա արտադրելով կարող է տալ » ,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Նա նշեց, որ Արարատյան դաշտի համայնքներում գյուղացիների հետ զրույցները ցույց են տվել, որ ջրի հետ կապված իրենց խնդիրները ոչ մի կապ չունեն Սևանա լճի հետ: « Մարդիկ ասում են, մենք հանգիստ կարող են ջուր վերցնել գետից: Նրանք ստեղծում են հատուկ համակարգ, պոմպեր են դնում և ստիպում են մարդկանց վճարել դրա համար, ով չի վճարում, ջուր չի ստանում » ,- ասաց Ինգա Զարաֆյանը ՝ նշելով, որ Սևանից ջուրը տանում են ոչ թե գյուղացիների, այլ ուրիշ նպատակների համար:
«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» վերաբերյալ Ինգա Զարաֆյանը ասաց. «Ձկնաբուծության ծրագիրը հաստատվեց կառավարության մակարդակով, չնայած որ ծրագրում ուղղակիորեն խախտվում է «Սևանա լճի մասին » ՀՀ օրենքը:
Ապրիլ 26, 2014 at 18:16





