ԷկոԼուր
Սույն թվականի հունիսի 12-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի շենքում /ք. Եղեգնաձոր/, տեղի կունենան Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները։ Ծրագրով ամբողջությամբ փոխվելու է Հրազդանի ենթակայանից (Հայաստանի հյուսիս-արևելքում) դեպի Շինուհայրի ենթակայան (երկրի հարավում) տանող 230 կմ երկարությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը՝ բաձրավոլտ ցանցի հուսալիությունն մեծացնելու ու գծի թողունակությունը բարձրացնելու համար: Վերականգնվելու են բարձրավոլտ ցանցի հինգ առանձին հատվածներ՝ Նորադուզ (45կմ), Լիճք (25 կմ), Վարդենիս (45 կմ), Վայք (70 կմ) և Որոտան 1 (40 կմ)։ Ծրագիրը ներառում է նոր հենասյուների մոնտաժում, ներառյալ հիմքերը, գոյություն ունեցող հաղորդիչների, մեկուսիչների և ենթակառուցվածքի ու սարքավորումների այլ կարևոր մասերի փոխարինում: Շինարարության ժամանակահատվածը 25 ամիս է:
Ծրագրի ազդեցության տակ են հայտնվում Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ։
Անցկացված կենսաբազմազանության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ծրագրի անմիջական ազդեցության տակ գտնվող Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ։ «Անմիջական ազդեցության գոտու սահմաններում հիմնականում տարածված են խոտաբույսերը, որոնց կազմում կան կարմիրգրքային տեսակներ`Տերեփուկ արմատազամբյուղային Centaurea rhizocalathium, Սմիրնիոպսիս հայկական Smyrniopsis armena, Ճակնդեղ բաժանապտուղ Beta lomatogona, իսկ Շատին–Գետափ–Ագարակաձոր, Ագարակաձոր–Մալիշկա–Հերհեր–Սարավան և Սարավան–Սպանդարյանի ջրամբար–Սպանդարյան հատվածների որոշ տեղերում աճում են ծառաթփային տեսակներ, այդ թվում կարմիրգրքային Տանձենի Բրովիչի Pyrus browiczii, Տանձենի հերհերի Pyrus gergerana և Տանձենի դարեղեգիսի Pyrus daralagezi: ԷՀԳ-ի կառուցման նախատեսված տարածքի շրջակայքում հանդիպող էնդեմ բույսերից են` Մասրենի Հրաչի Rosa hracհiana, Տանձենի հերհերի Pyrus gergerana, Տանձենի դարելեգիսի Pyrus daralaghezi և Տերեփուկ քոսոտ հայկական Cephalaria armeniaca: Թռչուններից միայն Հայկական որորն Larus armenicus է էնդեմ: Կա նաև սողունների մի քանի էնդեմ տեսակ` Առաջավորասիական մաբույա Trachylepis septemtaeniata, Երկարաոտ սցինկ Eumeces schneideri, Սպիտակափոր մողես Darevskia unisexualis, Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ Eremias arguta transcaucasica, Անդրկովկասյան սահնօձ Zamenis hohenackeri, Կովկասյան կատվաօձ Telescopus fallax, Հայկական լեռնատափաստանային իժ Vipera eriwanensis, Հայկական իժ Vipera raddei։ Այս գոտու սահմանների մոտ ապրող և/կամ կերակրվող ու սերունդ աճեցնող թռչունների և կաթնասունների համար մարդկանց ներկա լինելը ու շինարարական աշխատանքներ իրականացնելը կհանդիսանան անհանգստության գործոն, որը կարող է ստիպել նրանց, գուցե և ժամանակավոր, լքել այդ տարածքները: Սա առաջին հերթին վերաբերվում է թռչուններին, որոնք բնադրում են հողի, թփերի, ծառերի վրա, քարերի կույտերի և չինգիլների մեջ (կարմիրգրքայիններից դա Ներկարարը Coracias garrulus ու Կարմրաթև մագլցողը Tichodroma muraria). Գիշատիչ թռչունները այս տարածքներում միայն կեր են հայթայթում: Կաթնասունների կարմիրգրքային տեսակներից դա վերաբերվում է Շելկովնիկովի կուտորային Neomys schelkownikowi և Ջրասամույրին Lutra lutra, որոնք ապրում են գետերի և ջրամբարների ափերին, ինչպես նաև Մացառախոզին Hystrix indica, Խայտաքիսին Vormela peregusna և Անտառակատվին Felis silvestris, որոնք կառուցում են բներ հողի, քարերի կույտերի և չինգիլների մեջ. Բեզոարյան այծը Capra aegagrus, Գորշ արջը Ursus arctos և Հովազը Panthera pardus այցելում են այս տարածքները միայն կերակրվելու համար», -մասնավորապես նշված է ծրագրում։
Էլեկտրահաղորդման գծի շահագործման փուլում շրջակա միջավայրի վրա ազդեցության նշանակալից գործոնը համարվում է էլեկտրամագնիսական գործոնը: «Բնական ֆոնի պարամետրերից տարբերվող ԷՄԴ (էլեկտրամագնիսական դաշտ) ազդեցությունը հարուցում է բույսերի և կենդանիների մոտ ֆիզոլոգիական պրոցեսների կարգավորման շրջելի (հակադարձելի) փոփոխություններ: Կենդանիների մոտ նկատվում է փոխանակային գործընթացների, շարժային և իմունային ակտիվության ինտենսիվության փոփոխություններ և այլն: 100‐ից մինչև 5000վ/մ լարման գործոնի շուրջօրյա ազդեցության դեպքում, կենդանիների վրա ազդեցության ուսումնասիրության փորձերի անալիզների արդյունքը թույլ է տվել հաստատել, որ նկատվում է կենդանիների օրգանիզմների ընդհանուր վիճակի փոփոխություն, նյութափոխանակության (սպիտակուցային, ածխածնային և էներգետիկ փոխանակության և նրանց կարգավորման) և նեյրո‐գումորալային գործընթացների խանգարումներ, ծնելիության նվազում, մարմնի աճի ինտենսիվության իջեցում և այլն: Միջատների մոտ ԷՄԴ ‐ի վրա տարածված ռեակցիաներն են` տարածության մեջ կողմնորոշման և կոորդինացիայի կորուստը, ընդհուպ մինչև ընկնելը, հաղորդագծերին մոտ տարածության վրա թռչելուց խուսափումը: Բույսերի մոտ նկատվում են աճի պրոցեսների, գազափոխանակության, հանքային նյութերի կլանման փոփոխություններ: Բույսերի վրա ԷՄԴ ‐ի ազդեցության հետ կապված փորձերը և դիտարկումները ցույց են տվել, որ նվազում է արևածաղկի, գարու վերերկրյա չոր քաշը: Բացի դրանից կան կենդանի օրգանիզմների տեսակներ և խմբեր, որոնք առանձնանում են ԷՄԴ‐ի ազդեցության նկատմամբ բարձր ակտիվությամբ, և մոնիտորինգի անցկացման դեպքում ծառայում են միջավայրի էլեկտրամագնիսական աղտոտվածության կենսաինդիկատորներ:
Մինչև այժմ շրջակա միջավայրի վրա ԷՄԴ ‐ի ազդեցության գնահատման համար սահմանային թույլատրելի մակարդակները (ՍԹՄ) մշակված չեն աշխարհի և ոչ մի երկրում: Կենդանի բնության միակ օբյեկտը, որի համար մշակված են ՍԹՄ‐եր, հանդիսանում է մարդը», - նշված ծրագրում:
«Սևանա լիճը բարձր լարման էլեկտրահաղորդման գծի միջանցքի առավել զգայուն տարածքն է հաղորդիչների հետ թռչունների բախման տեսանկյունից: Այստեղ բնակվում են որոշ զգայուն տեսակներ, օրինակ` ձկնկուլներ, հավալուսներ, սպիտակ ձկնկուլներ: Սակայն այս արածքում հաղորդիչների հետ թռչունների բախման մասին տեղեկություններ չկան»,- նշված է ծրագրում։
Նշենք, որ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի գ․ կետով արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածիւ բ կետով արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:
Կամո ենթակայանից դուրս եկող հատվածում (ք. Գավառ) հատվելու է 2760 հատ ծառ: «Մատղաշ ու բնական վերաճը ոչնչացվում է 3000 հատ»։ Ծառահատումների ընդհանուր մակերեսը 13800մ2 է։
Անխուսափելի են հողային հանդակների վրա տարատեսակ խախտումերը։ Տարածքի ընդհանուր մակերեսը էլեկտրահաղորդման գծի ուղեգծում կազմելու է 148084 մ2:
Շրջակա միջավայրի աղտոտվածությունից ընդհանուր տնտեսական վնասը, որը հասցվելու է ռեցիպիենտների առանձին տեսակներին աղտոտված գոտու սահմաններում, հավասար է 5973091 դրամ:
720 հենասյուների համար օտարվելու է 7.2 հա հողատարածք, որի առնվազն 50%-ը, ըստ կանխատեսումների, մասնավոր է: Օտարվելու են նաեւ այլ հողատարածքներ տեղահանված բնակչության վերաբնակեցման համար։ «Նախագծման փուլում շրջանցվել են բոլոր գյուղական տարածքները, և ընդամենը մեկ հատվածում(Կամո ենթակայանից դուրս եկող հատված) հնարավոր է առաջանա հարկադրաբար վերաբնակեցման խնդիր: Ինչ վերաբերում է հին գծի ուղեգծին, ապա մոտ 100 տներ գտնվում են օտարման շերտում, մինչդեռ ընթացիկ շրջանցման տարածքներում այդ թիվը կարող է իջնել մինչև զրո, իսկ զգուշավոր հաշվարկով` մոտ 10 տներ:
1-ին և 2-րդ կարգերի տների մակերեսը կազմում է մոտ 225 քառ.մ., իսկ 3-րդ և 4-րդ կարգերի համար` 400 քառ.մ.: ․․․ Աղքատության շեմից ստորև գտնվող և այլ իմաստներով խոցելի տնային տնտեսությունները կարող են կորցնել իրենց գոյատևման հնարավորությունները, եթե ենթարկվեն Ծրագրի ազդեցությանը/կորցնեն իրենց հողակտորները կամ տեղահանվեն: Այս դեպքում պետք է իրականացնել կենսագոյատևմանն աջակցելու հատուկ ծրագիր․․․»,- մասնավորապես նշված է ծրագրում։
Հունիս 11, 2014 at 17:27