

ԷկոԼուր
Պարզվում է, որ Սեւանա լճից 2014թ-ին կարող է առավելագույնը վերցվել ոչ թե 240 միլիոն խմ ջուր, այլ 270 միլիոն խմ: Այս մասին պարզ դարձավ հուլիսի 17-ին, երբ կառավարությունը փոփոխություններ մտցրեց իր ընդունած որոշումներից մեկում` Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալը հասցնելով մինչեւ 245 միլիոն խմ-ի: Արդեն իսկ բաց է թողնվել 170 միլիոն խմ ջուր, եւ մինչեւ օգոստոսի 16-ը բաց կթղնվի եւս 75 միլիոն խմ: Ինչպես ԷկոԼուրին հայտնի դարձավ, «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրինագծի առաջին ընթերցումն անցնելուց հետո, որտեղ նշված էր 240 միլիոն խմ, կառավարությունը նոր առաջարկություն է ներկայացրել ՀՀ ԱԺ, որտեղ որպես ջրբացթողումների առավելագույն չափաքանակ նշված է եղել 270 միլիոն խմ, եւ հենց այս փոփոխությունը 2-րդ եւ 3-րդ ընթերցմամբ ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդունել են: Նշենք, որ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված է միայն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը:
Հուլիս 17, 2014 at 19:48
