

ԷկոԼուր
SOS Սևան նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը կոչ է անում հայ ազգին ոտքի կանգնել` պաշտպանելու Սևանա լիճը:
«Հարգելի' ՀՀ քաղաքացիներ, ես` S.O.S Սևան նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանս, կոչ եմ անում ազգովի ոտքի կանգնել` պաշտպանելու մեր Հայոց աշխարհի հրաշք Սևանա լիճը: Մենք պիտի ընկալենք ու հասկանանք, որ սա հատուկ դավադրություն է հայ ազգի նկատմամբ, դավադրություն, որը կզրկի մեր ժողովրդին իր միակ ու անկրկնելի ջրային պաշարից, վտանգի տակ դնելով մեր հայ ժողովրդի անվտանգությունը, կզրկի մեզ գոյատևելու ու ապրելու իրավունքից: Սևանա լճի անկանոն, չհիմնավորված շահագործումը վերջնականապես կոչնչացնի մեզ` բոլորիս:
Ջրի մակարդակի իջեցումը կհանգեցնի լճի կործանմանը, կանհետանան ձկները, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հանցավոր վերաբերմունքի պաճառով չմաքրված լճի հատակը կհանգեցնի Սևանի ճահճացմանը: Բազմաթիվ ընտանիքներ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը, քանի որ իրենց դարեր շարունակ կերակրող լիճն արդեն անկյանք կլինի: Կողբանք ազգովի մեր գեղեցկուհու համար, բայց ուշ կլինի, անվերադարձ կկորցնենք այն, ինչը կերակրել պահել և փայփայել է մեզ` չպահանջելով մեզանից ոչինչ: Ցավով և վշտով կհիշենք անդառնալի կորուստը, բայց ուշ կլինի: Կպարսավենք, կվատախոսենք, բայց անարդյունք: Եվ որպեսզի չողբանք, չկորցնենք, չպատժվենք, հենց հիմա, հենց այս պահից ոտքի կանգնենք:
Ահա այն կռույցները որոնք պատասխանտվությունն են կրում Սևանա լճի կառավարման, պահպանման, գոյատևմնան համար`
Ազգային ժողով
Ջրային տնտեսության պետական կոմիտե
«Սևան» ազգային պարկ
Բնապահպանության նախարարություն
Սևանի պահպանման հանձնաժողով:
Այս կառույցները պիտի պատասխան տան մեր ժողովրդին Սևանի կործանման համար:
Պարոնա'յք, դուք պիտի պատասխան տաք Ձեր անարգել, անպատիժ, հանցավոր գործողությունների համար:
ՀՀ քաղաքացինե'ր, թույլ չտանք որ մի կաթիլ ջուր անգամ անարգել օգտագործվի Սևանա լճից հանուն մեր երեխաների, հանուն մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգ և երջանիկ ապագայի»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը դրսեվորեցին ոչ թափանցիկ գործելաոճ. առանց խորհրդարանական քննարկումների ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության առաջարկով ընդունեց «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքը, որի համաձայն` Սևանա լճից ջրառը 2014թ-ին կկազմի առավելագույնը մինչև 270 միլիոն խմ: Այս թվի մասին հասարակայնությունը տեղյակ չէր, քանի որ պետական մարմինների հետ քննարկումների ժամանակ միշտ նշվել է, որ Սևանա լճից առավելագույնը բաց է թողնվելու մինչև 240 միլիոն խմ ջուր:
Հուլիս 25, 2014 at 15:45
