Սևանի հանձնաժողովի հաշվետվությունը և ԷկոԼուրի մեկնաբանությունները հաշվետվության վերաբերյալ

Սևանի հանձնաժողովի հաշվետվությունը և ԷկոԼուրի մեկնաբանությունները հաշվետվության վերաբերյալ

ԷկոԼուր

Ինչպես հայտնի է, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ներկայացրեց 2014թ-ի գործունեության հաշվետվությունը, որում ասված է. «Փորձագիտական հանձնաժողովը, ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, փորձագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ,  տարեկան աշխատանքային ծրագրով, հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է Սևանա լճի էկոհամակարգի, բնական ռեսուրսների վերականգնման, վերարտադրության, պահպանման օգտագործման վերաբերյալ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի կողմից ներկայացված ծրագրերի, նախագծերի  առաջարկների փորձագիտական եզրակացությունները, ինչպես նա իր իրավասության սահմաններում տվել է լճի հիմնահարցերի հետ կապված խորհրդատվական, գործնական առաջարկություններ»:

ԷկոԼուրը ներկայացնում է մի քանի մեկնաբանություններ:

Մեկնաբանություններ 6-րդ կետի վերաբերյալ: «ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ քննարկվել է Սևանա լճից լրացուցիչ 120 միլիոն մ3 ջրի բացթողման հարցը,  եզրակացությունում առաջարկվել է Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողման ծավալը սահմանել 100 միլիոն մ3»:

Իրականում Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկություն է ներկայացրել կառավարություն Սևանա լճից 240 միլիոն խմ ծավալով ջուր բաց թողնելու մասին, այսինքն, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված 170 միլիոն խմ առավելագույն չափաքանակից 70 միլիոն խմ ծավալով ավելի: Առաջարկությունը դիտարկել է Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը, որը չի տվել և չէր կարող տալ եզրակացություն` 100 միլիոն խմ ջրբացթողումների մասին (ինչպես նշված է հաշվետվության մեջ), քանի որ նման առաջարկություն չի եղել:

2014թ-ի մարտին` լրացուցիչ ջրբացթողումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայիս նախագահ (այն ժամանակ Հանձնաժողովի անդամ)  Յուրի Ջավադյանը հանդես եկավ  հօգուտ Ջրպետկոմի առաջարկության և ստացավ նկատողություն հասարակության կողմից: Ջրպետկոմի թիվը` 240 միլիոն խմ, փոխվեց 270 միլիոն խմ-ի ավելի ուշ` խորհրդարանում քվեարկության օրը, ինչը օրենքի խախտում էր: Այս խախտումների մասին նշված է ՀՀ Օմբուդսմենի 2014թ-ի զեկույցում: Այսպիսով, խոսք չկա այն մասին, որ հանձնաժողովն առաջարկել է ավելացնել ջրբացթողումների ծավալը 100 միլիոն խմ-ով:

Մեկնաբանություններ 3-րդ կետի վերաբերյալ: Ելնելով 6-րդ կետից` նշենք նաև Հանձնաժողովի հաշվետվության 3-րդ կետը, որում ասված է. « Քննարկվել է ոռոգման նպատակով 2014 թ. Սևանա լճից ջրառի Սևան-Հրազդան էներգետիկ–ոռոգման համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը, տրվել է եզրակացություն»:

Մեր կողմից նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ժամանակացույցով Սևանից ջրբացթողման վերջին ժամկետը մինչև սեպտեմբերի 1-ն էր, սակայն վերջին ջրբացթողումն իրականացվեց սեպտեմբերի 27-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` 2014թ-ի սեպտեմբերի 27-ին` ժամը 18.00-ից, Սևանա լճից բաց է թողնվել 6 խմ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խմ/վ ջուր, ինչից մասամբ ջրալցվել են Ջրառատ գյուղի տներից մի քանիսը: Տուժեցին բնակիչները, իսկ բերքին մեծ վնաս պատճռվեց: Հաշվետվության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե հանձնաժողովն ինչ եզրակացություն է տվել այս կապակցությամբ:

Մեկնաբանություններ 9-րդ կետի վերաբերյալ: «Քննարկվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից մշակված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագծի երեք անգամ ներկայացված տարբերակները, տրվել փորձագիտական եզրակացություն: Նախագծում արտաքին լցակույտերի, կույտերի տարրալվացման հարթակի  թափոնակույտերի տարածքից մակերութային ջրերի հեռացման  ռեկուլտիվացման միջոցառումների բացակայության վերաբերյալ կատարվել են առաջարկություններ, որոնք, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված տեղեկատվության, նախագծում հաշվի են առնվել»:

Իրականում հանձնաժողովը տվել է երկու` իրար հակասող եզրակացություն: Մեկը` 2012թ-ին, բացասական, որը վերաբերում էր բաց հանքի, բարձր սեյսմիկ գոտում լցակույտերի տեղադրման ռիսկերին և Սևանա լճի համար ռադիացիոն ռիսկերին, որի  ջրհավաք ավազանի  անմիջական ազդեցության գոտում են գտնվում Արփա և Որոտան գետերը, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները: (Տես «Սևանա լճի մասին» օրենքի 3-րդ հոդված): Սակայն 2014թ-ին հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց` ուշադրության չառնելով այն, որ առաջին եզրակացության մեջ թվարկված ռիսկերը մնացել են նույնը, և չկան այնպիսի միջոցառումներ, որոնք նվազագույնի հասցնեն ջրի և հողի աղտոտումը բաց հանքից և ավելի քան 100 միլիոն տոննա լցակույտերից, որոնք պարունակում են կապար, կադմիում, ցինկ և այլ ծանր մետաղներ 1 տոննա հանքաքարում 0.7-0.9 գրամ ոսկու պարունակության պայմաններում:

Ինչ վերաբերում է ցիանային արտադրությանը, որը պետք է տեղադրվի Գնդեվազ գյուղի տարածքում, ապա արտադրության տեղի փոփոխությունը պայմանավորված է ոչ թե հանձնաժողովի եզրակացությամբ, այլ Արփա-Սևան թունելի սահմանների որոշմամբ, որն իրականացվեց 2013թ-ին` կառավարության որոշման համաձայն, այդ սահմաններից դուրս գալու համար ընտրվեց նոր տարածք:  

Ամուլսարի նախագծի վերաբերյալ բազմիցս բացասաբար է արտահայտվել Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց միայն նրա մահվանից հետո: Ամուլսարի նախագծի վերաբերյալ բացասական կարծիք են հայտնել առաջատար գիտնականներ` երկրաբանահանքաբանական գիտությունների դեկտոր, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար աշխատակից Հրաչյա Ավագյանը, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, քիմիական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի աշխատակից Սեյրան Մինասյանը, իրավաբան-էկոլոգ, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի փորձագետ Նազելի Վարդանյանը, «Ջրի որակ» տեխնիկական հանձնաժողովի նախագահ, «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Բնական բուժական ռեսուրսների և 
   էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար կարինե Մայսուրյանը և ուրիշներ:  Բոլոր փաստաթղթերը, կարծիքները և եզրակացությունները կարելի է գտնել  այստեղ:

Մեկնաբանություններ 11-րդ կետի վերաբերյալ: «ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի  և բնական պաշարների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել է Գեղարքունիքի մարզում գտնվող «Արգիճի», «Մարտունի», «Վարդենիկ»  «Անի» ՓՀԷԿ-ի կառուցվածքների տեխնիկական վիճակը 22 հունիսի 2014թ. դրությամբ, ներկայացվել է ՀՀ կառավարություն, մասնավորապես առաջարկվել է «Անի» ՓՀԷԿ-ի սեփականատիրոջը զրկել լիցենզիայից»:

Նշենք, որ հիշատակված 4 ՓՀԷԿ-երի շարքում հատուկ առանձնանում է «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը, որը կառուցվել ժամկետնանց փաստաթղթերով: Արգիճի գետը մեկն է Սևանա լիճ թափվող այն քիչ գետերից է, որտեղ բազմանում են էնդեմիկ ձկնատեսակներ: «Արգիճի» փոքր ՀԷԿ-ն ամենահզորներից է և փաստաթղթերով ջուրը խողովակի մեջ  է վերցրել 9 կմ հատվածում, իսկ իրականում` ավելի քան 12 կմ տարածքում: ՓՀԷԿ-ը պարբերաբար վթարի է ենթարկվում, և մարդկանց արտերի վրա վթարի արդյունքում  ջրի հետ միասին հայտնվում են ձկներ, որոնք չի կարելի օգտագործել  որպես սնունդ: Չնայած բազմաթիվ ահազանգերին` Հանձնաժողովը ուշադրություն չդարձրեց էնդեմիկ ձկնատեսակների և լճի ողջ էկոհամակարգի համար սպառնալիքներին: 

Մեկնաբանություններ 12-րդ կետի վերաբերյալ: «Քննարկվել է «Սևանի Իշխան» ՓԲԸ–ի կողմից մշակված «Սևանի իշխանի մանրաձկան» աշխատանքային նախագիծը, տրվել է փորձագիտական եզրակացություն»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս նախագծին, որն առաջացրել է ծայրաստիճան բացասական ռեակցիա տնտեսական և էկոլոգիական առումով իր ոչ հիմնավորված լինելու պատճառով: Բոլոր բացասական կարծիքները հրապարակվեցին, այդ թվում և ձկան տեսակի փոփոխության, համաճարակաբանության, ցանցավանդակային տնտեսություններ ունեցող բնական ջրամբարներում ջրի որակի վերաբերյալ ուսումնասիրման մեծ փորձ ունեցող գիտնականների կողմից ստացված բազմաթիվ գիտական տվյալներ (հիմնականում գիտական ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ ԳԱԱ-ի կողմից պետական պատվերի շրջանակներում): Ներկայումս նախագիծը շարունակում է մնալ պիլոտային փուլում, քանի որ նախագծի սեփականատերերը հասկացել են, որ ցանցավանդակների քանակը 4–ից 74-ի հասցնելը կարող է  բացասական ազդեցություն ունենալ և հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել հետևանքները:

Ապրիլ 13, 2015 at 17:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր