

ԷկոԼուր
«Կլիմայի փոփոխության` մասնավորապես կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման եւ տեղումների նվազման պայմաններում ամենախոցելի էկոհամակարգները կլինեն խոնավ տարածքները», - «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց «Էկոլոգիական միջանցքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը:
Անդրադառնալով Սեւանա լճին` Կարեն Ճենտերեճյանն ասաց. «Վերջին հետազոտությունները, որոնց ես էլ եմ մասնակցել, ցույց են տալիս, որ Սեւանա լճի հատակում ապրող կենդանիների մի շարք տեսակներ վերջին տարիներին զբաղեցնում են էլ ավելի մեծ խորություններ: Դա հստակ վկայում է այն մասին, որ այնտեղ տեղի է ունենում թթվածնային ռեժիմի բարելավման որոշակի միտում: Դա պայմանավորված է առաջին հերթին Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ և մեկ անգամ ևս ապացուցում է, որ պետք է ապահովվի Սեւանա լճի մակարդակի առնվազն 6 մետրով բարձրացումը, ինչը ամրագրված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: Նույն Օրենքի 6-րդ հոդվածը Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանում է մինչև 170 մլն մ3: Ցավոք, ՀՀ կառավարությունը վերջին տարիներին հաճախ օգտվում է նույն հոդվածով նախատեսվող տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում ջրի բացթողման չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու հնարավորությունից: Սեւանա լճից ջրի բացթողման ծավալները նախատեսվածից ավելի են եղել 2008, 2012 և 2014 թթ., ինչի պատճառով վերջին 5 տարվա ընթացքում լճի մակարդակը չի բարձրացել»:
Կարեն Ճենտերեճյանը հորդորեց կառավարությանը, չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելիս, տրամադրել նաև հաշվարկ-հիմնավորում, որ ակնկալվող այսօրվա օգուտը ապագայում չի հանդիսանա պատճառ անհամեմատ ավելի մեծ վնասների:
Կլիմայի փոփոխության ազդեցությունը խոնավ տարածքների վրա մեղմելու համար Կարեն Ճենտերեճյանն առաջարկեց.
- պահպանել եւ վերականգնել խոնավ տարածքները
- ապահովել յուրաքանչյուր տարի Սևանա լճի բարձրացումը:
|
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:
Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Հունիս 05, 2015 at 14:47
