

ԷկոԼուր
ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացվում է ՄԱԶԾ-ի «Կլիմա Իստ պիլոտային ծրագիր, Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում» ծրագիրը, որի նպատակն է վերականգնել առավել խոցելի եւ դեգրադացված լեռնային տարածքները եւ անտառային էկոհամակարգերը: Ծրագրի շրջանակներում ընդամենը 3 տոկոս անտառածածկ ունեցող ՀՀ Գեղարքունիքի մարզում` Ծովակ համայնքի տարածքում, տնկվել է 18.2 հա անտառ: Ընթացքի մեջ են «Սևան» ազգային պարկի կառավարման 15 հա տարածքներում նոր անտառների հիմնման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում անտառային գոտու ստեղծման համար ՀՀ կառավարությունը 2012թ. նոյեմբերի 15-ին ընդունել է «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» N 1441-Ն որոշումը: Ծրագրով նախատեսվում է 1113,2 հեկտար մակերեսի վրա հիմնել նոր անտառներ հանուն Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ Սևանա լճի ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնման: Որոշման համաձայն Ծրագրի ֆինանսավորումը 2014-2023 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել բարեգործական հիմնադրամներից եւ միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին:
Լուսանկարում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոի տեսչական այցն է Գեղարքունիքի մարզ:
Օգոստոս 24, 2015 at 14:32
