Չկարգավորված որսի և որսագողության պատճառով Սևանա լճում նույնիսկ կարասի պաշարներն են նվազել մոտ 2 անգամ

Չկարգավորված որսի և որսագողության պատճառով Սևանա լճում նույնիսկ կարասի պաշարներն են նվազել մոտ 2 անգամ

ԷկոԼուր

Չկարգավորված որսի և որսագողության պատճառով Սևանա լճում նույնիսկ կարասի պաշարներն են նվազել մոտ 2 անգամ:

Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016թ-ի դեկտեմբերի 1-25-ը և 2017թ-ի հունվարի 6-20-ը արգելված է ձկան և խեցգետնի որսը Սևանա լճում:

Այս ժամանակավոր արգելքը վերաբերում է բոլոր ձկներին: Արգելքի ավարտից հետո թույլատրվում է որսալ կարաս և խեցգետին: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը, իշխանը կարմիրգրքյան տեսակ է, և այս ձկան որսն արգելված է այնքան ժամանակ, մինչև այն դուրս կգա Կարմիր գրքից և կունենա արդյունագործական պաշար: Սիգ ՀՀ բնապահպանության նախարարությունը կարգելի որսալ այնքան ժամանակ, մինչև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան թույլ կտա արդյունագործական որս:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ԷկոԼուրին հայտնեց, որ 2016թ-ին սիգի արդյունագործական չափի պաշարը Սևանա լճում կազմել է 450 տոննա: Սիգի որս թույլատրելու համար անհրաժեշտ է, որ այդ պաշարը հասնի ամենաքիչը 1000 տոննայի: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Սևանա լճում սիգի արդյունագործական պաշարը կազմում էր 30 000 տոննա:

2016թ-ի դրությամբ իշխանի արդյունագործական չափի պաշարը Սևանա լճում 1,5 տոննա է: Իշխանի որս թույլատրելու համար բացի այն, որ այս ձկնատեսակը պետք է դուրս գա Կարմիր գրքից, պետք է ամենաքիչը 1000 տոննա արդյունագործական պաշար ունենա:

2016թ-ին խեցգետնի արդյունագործական պաշարները կազմել են 4500 տոննա, կարասի՝ 100 տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 2 անգամ: 2015թ-ին կարասի արդյունագործական չափի պաշարները եղել են 190 տոննա:

 

Դեկտեմբեր 07, 2016 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր