Ի՞նչ ազդեցություն ունի Սևանա լճի վրա իշխանի պաշարների վերականգնման ծրագիրը, ԷկոԼուրի հարցումը

Ի՞նչ ազդեցություն ունի Սևանա լճի վրա իշխանի պաշարների վերականգնման ծրագիրը, ԷկոԼուրի հարցումը

ԷկոԼուր

ԷկոԼուրը հարցում է ուղարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` պարզելու, թե «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ինչ ազդեցություն ունի Սևանա լճի վրա, և հիմնադրամը ինչ բնապահպանական միջոցառումներ է իրականացրել ծրագրի արդյունքում ստացված գումարներով: Հարցման մեջ նշված է.

«2014 թվականից սկսած բուռն կերպով կյանքի է կոչվում «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»: Ծրագրի համաձայն` պետք է վերականգնվեն Սևանա լճում Գեղարքունի և ամառային իշխանի ձկնապաշարները և լուծվեն Սևանի բնապահպանական խնդիրները: Ըստ ծրագրի` տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը:
ՀՀ կառավարությունը հսկայական գումարային նվիրատվություններ և արտոնություններ է տվել այս ծրագրի կյանքի կոչման համար: Փոխարենը 2016թ-ից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար` այդ գործառույթը վերապահելով Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին:

Մյուս կողմից, «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» իր հերթին կարող է բնապահպանական խնդիրներ առաջացնել Սևանա լճի էկոհամակարգի վրա: Ծրագրի բնապահպանական ռիսկերի մասին գրված է «Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Բերդկունք համայնքին հարող հատվածում «Սևան ակվա» ՓԲԸ կողմից նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ»-ում, որը փորձաքննություն է անցել 2017թ-ին:

Հայտում նշված ռիսկերից են`

• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում

• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ

• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում

• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:

Նույն հայտի համաձայն ձևավորվել է մոնիթորինգային խորհուրդ, որում ընդգրկվել են շահագրգիռ կառույցների փորձագետներ և ոլորտի՝ ի պաշտոնե և մասնագիտությամբ պատասխանատու անձինք, ովքեր իրականացնում են և վերահսկում մոնիթորինգային հետազոտությունները, վերլուծում են տնտեսություններից ստացված տվյալները, գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա ծրագրի ազդեցությունը, մշակում առաջարկություններ բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման վերաբերյալ:

Այս կապակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրան Գևորգյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

1. «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման ողջ ժամանակահատվածում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ որքա՞ն գումար է մուտք գործել և Սևանա լճի համար ի՞նչ բնապահպանական միջոցառումներ են իրականացվել:

2. Խնդրում ենք տրամադրել մոնիթորինգային խորհրդի իրականացրած հետազոտությունների արդյունքները` մասնավորապես ջրի որակի` աղտոտվածության, ձկների հիվանդացության վերաբերյալ: Եթե արդյունքները հրապարակված են, խնդրում ենք տրամադրել դրանց էլեկտրոնային հղումները:

3. Քանի՞ ցանցավանդակ է տեղադրված այժմ Սևանա լճում և քանի՞ տոննա ձուկ է պահվում նրանցում: 2018թ-ին նախատեսվում է ցանցավանդակների ավելացում, եթե` այո, ապա` որքա՞ն:

4. Իրականացվե՞լ է արդյոք ջրի որակի, աղտոտվածության և ձկների հիվանդությունների վերաբերյալ ուսումնասիրություն ծրագրի իրականացման ժամանակահատվածում: Եթե այո` խնդրում ենք ներկայացնել արդյունքները:

5. Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում ցանցավանդակային տնտեսություններից առաջացող օրգանական և քիմիական աղտոտումը վերացնելու կամ կանխարգելելու համար:

6. Ձկների հիվանդացության դեպքերում ի՞նչ դեղորայքային բուժում է նախատեսված, արդյո՞ք այդ դեղորայքը պարունակում է հակաբիոտիկներ:

7. Արդյո՞ք գրանցվել են ցանցավանդակներից ձկների փախուստի դեպքեր և եթե այո, ապա որքան ձուկ է փախել:

8. 2017թ-ի ընթացում որքա՞ն մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ:

9. Ի՞նչ կեր է տրվում ցանցավանդակներում պահվող ձկներին և քանի տոկոս է նրանց մեջ կազմում ազոտը և ֆոսֆորը:

10. Ի՞նչ փուլում է գտնվում «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից սելեկցիոն տնտեսության կառուցումը, արդյո՞ք այս տնտեսությունում աճեցված մանրաձուկն է բաց թողնվելու Սևանա լիճ:

 

19:47 Փետրվար 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news