ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ. ԱՀԱԳՆԱՑՈՂ ՍԵՎԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ. ԱՀԱԳՆԱՑՈՂ ՍԵՎԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արփի Հարությունյան, ԱրմենիաՆաու

Եթե տարիներ առաջ Հայաստանի համար մեծագույն խնդիր էր Սևանա լճի մակարդակի իջեցումը, ապա այսօր, ըստ որոշ պաշտոնյաների, խնդիր է դարձել ճիշտ հակառակ պրոցեսը: «Մի քանի տարի առաջ պետության և մասնավորապես բնապահպանների առջև լճի ջրի մակարդակը բարձրացնելու խնդիր էր դրված: Այժմ նրանց համար խնդիր է դարձել Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով լճափը ծառերից ու այլ բուսականությունից մաքրելը, որպեսզի այդ տարածքները չճահճանան»,- նշում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Մաքրման աշխատանքներից զատ, տեղացիներին մտահոգում են նաև այն ավտոճանապարհները, որոնց որոշ հատվածներ ջրի մակարդակի բարձրացման պատճառով կամ քանդվել են, կամ ուր որ է կքանդվեն:

Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1899,11 մ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 1898,57 մ-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 54 սանտիմետրով:

Մինչև ջրերի արհեստական արտահոսքը (ոռոգման և էներգետիկ նպատակներով), Սևանա լճի մակարդակը գտնվում էր 1916 մ վրա մոտ 17 մետրով բարձր։ Ինտենսիվ բացթողումների շրջանում` 1949-1962 թթ., ջրի մակարդակը տարեկան իջնում էր մեկ մետրով:

1958 թ. միայն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի միջնորդությամբ որոշվեց Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալը տարեկան հասցնել 500 մլն խմ-ի (նախկինում 1,5 միլիարդի փոխարեն), որից 380 մլն-ը` ոռոգման, իսկ 120 մլն-ը՝ էներգետիկ նպատակներով։

Սակայն 500 մլն խմ ջուր բաց թողնելու դեպքում էլ լճի մակարդակը շարունակում էր իջնել: 2002թ-ից Սևանի մակարդակը սկսեց բարձրանալ, որը, ինչպես բացատրում են մասնագետները, պայմանավորված է բացթողումների ծավալի փոքրացմամբ (տարեկան մինչև 150 մլն խմ)` լիճ թափվող 29 գետերի արդյունավետ վերահսկողությամբ և կլիմայական բարենպաստ պայմաններով:

Դեպի Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղ տանող ճանապարհը հենց այն օղակներից մեկն է, որտեղ անզեն աչքով անգամ նկատվում է ջրի բարձրացման հետևանքները և հստակ որսում երթևեկողների կյանքը սպառնալիքի տակ դրած քանդված ճանապարհի վտանգները:

«Անցյալ տարվա օգոստոսին գյուղի հովիվները եկան, ասեցին, որ ծովը վնասել է ճանապարհը: Մենք էլ ահազանգեցինք մարզպետարան, եկան և ուսումնասիրեցին իրավիճակը,- պատմում է Երևանից 130 կմ հեռավորության վրա գտնվող Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը: - Ներքևից ջուրը մտել է բարձրադիր ճանապարհի հիմքի հողաշերտի մեջ մոտավորապես 10 մետր և բավական խորը բացվածք առաջացրել»:

Բոյախչյանն ասում է, որ առաջիկայում մրցույթ կհայտարարվի: Դա կտևի առնվազն 2-3 ամիս, որի ընթացքում չի բացառվում, որ գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհը փլվի ու ավտովթարի պատճառ դառնա:իճակին: Նա հաստատում է, որ բացի Ծափաթաղի ճանապարհից, հնարավոր է քանդվեն նաև Լճաշեն և Կարճաղբյուր գյուղերի մի քանի ճանապարհահատվածներ:

«Այս պահին մենք մեծ վտանգ չենք տեսնում: Իհարկե, տրանսպորտի նախարարություն ներկայացրել ենք խնդիրը, բայց այսօր ջրի բարձրացումը կանգնեցված է, հետևաբար առանձնակի վտանգ չկա: Ճանապարհները միգուցեև չքանդվեն,- ասում է Պողոսյանը: - Քանդվել է Ծափաթաղի հատվածը, բայց պայմանավորվածություն կա, որ մինչև 2008 թ. վերջը կվերականգնվի: Պետք է ամրացում կատարել»:

Տեղաբնակներն ու մասնագետները, սակայն, պնդում են, որ ոչ թե ամրացման վրա է պետք գումարներ ծախսել, այլ ճանապարհը փոխելու, քանի որ վաղ թե ուշ դրա կարիքը լինելու է:

Ծափաթաղի բնակչուհի Վեներա Կարապետյանն ասում է, որ իրենց գյուղի երիտասարդներն են մեծ քարեր հավաքել ու շարել քանդված ճամփեզրին, որպեսզի վարորդներն ու անցորդներն այդ կողմով չանցնեն: Իսկ գյուղի «Թուֆենկյան» հիմնադրամի հյուրանոցի աշխատակիցներն էլ դրանք սպիտակ են ներկել, որպեսզի գիշերը տեսանելի լինեն:

Հյուրանոցի աշխատակից Ապրես Գաբրիելյանը մտավախություն ունի, որ մինչև ամրացման աշխատանքները սկսեն, գուցե արդեն ուշ լինի:

«Հեսա տարին կլրանա, ինչ դիմել ենք մարզպետարան, որ էդ ճանապարհի հարցը լուծեն: Որ մի դժբախտ դեպք պատահի, ո՞վ է պատասխան տալու,- ասում է նա: - Չի բացառվում, որ, ասենք, տուրիստների մի մեծ ավտոբուս անցնի այդ տարածքով, և ճանապարհը փլվի»:

Պողոսյանը, սակայն, փարատում է բնակիչների մտավախությունը, որ եթե լճի մակարդակը չբարձրանա, ճանապարհը չի էլ քանդվի:

Իսկ ջրի մակարդակի բարձրացումը, ինչպես նշում է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, կանգնեցված չէ, հետևաբար` վտանգը շարունակելու է կախված մնալ մարդկանց գլխին:

Հունիս 06, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր