ԲԱՆՋԱՐԵՂԵՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ

ԲԱՆՋԱՐԵՂԵՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ

ԱրմԻնֆո

Հայաստանի ջերմոցային տնտեսություններում աճեցվող համարյա բոլոր բանջարեղեններում առողջության համար վտանգավոր նյութերի` մասնավորապես, նիտրատների և թունաքիմիկատների պարունակությունը գերազանցում է թույլարտելի սահմանը: «Ուրբաթ» ակումբում այդպիսի հայտարարություն է կատարել Հայաստանի սպառողների ազգային միությանն առընթեր գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը:

«Մենք Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերի 6 ջերմոցների բանջարեղենի լաբորատոր վերլուծություն ենք կատարել և հայտնաբերել ենք, որ նիտրատների պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը բոլոր ջերմոցներում, իսկ թունաքիմիկատներինը` 5 ջերմոցներում»,- հաղորդել է Լ.Աճեմյանը` հավելելով, որ նա արգելում է իր հարազատներին օգտագործել ջերմոցային բանջարեղենը: Համեմատաբար անվտանգ լոլիկ կհայտնվի հուլիսի վերջին, իսկ վարունգ` միայն ամառային սեզոնի վերջում, նշել է փորձագետը:

Բանջարեղենի վերհսկողությունը լիովին բացակայում է, կարծում է Աճեմյանը: «Ջերմոցների արտադրանքը կարող է հայտնվել թունաքիմիկատների կիրառման հենց հաջորդ օրը, մինչ դեռ, դրանց կիրառումը թույլատրելի է միայն 3-7 օր անց. այդ ժամանակահատվածում վնասակար նյութերի կոնցենտրացիան նվազում է մինչև թույլատրելի սահման»,- նշել է փորձագետը` հաղորդելով, որ հայտնաբերված խախտումների մասին կազմակերպությունը հաղորդել է նաև գյուղատնտեսության նախարարությանը:

Աճեմյանի կարծիքով ավելի լուրջ խնդիր է վաճառասրահներում տրանսգեն /գենամոդիֆիկացված/ բանջարեղենի և սերմերի առկայությունը:«ՙՎերջիններս հայ ագարակատերերի համար նախընտրելի են, քանի որ ապահովում են մեծ պտղաբերություն, դիմանում են տեղափոխմանը և երկար պահպանմանը, սակայն մենք մոռանում ենք, որ վտանգում ենք սերունդների առողջությունը»,- նշել է Աճեմյանը:

Միության ղեկավարի տեղակալ Մելիտա Արիստակեսյանը հայտարարել է, որ կազմակերպությունը դիմել է պետական մարմիններին այն պահանաջով, որ Հայաստան ներկրվող արտադրանքների, այդ թվում և սերմերի վրա, նշվի տրանսգեն նյութերի պարունակության մասին տեղեկատվությունը: «Հայաստանում չկան տրանսգեն նյութերի հայտնաբերման լաբորատորիաներ և այդ պատճառով ասոցիացիան արդեն պատվիրել է ԳՄ հայտնաբերման վերլուծությունը Թուրքիայում, որի արդյունքները շուտով հայտնի կդառնան:

Միության փորձագետները սպառողներին կոչ են արել ավելի ակտիվ լինել սեփական շահերի պաշտպանության հարցում:

«Սննդամթերքի անվտանգության վերաբերյալ իրավիճակի լուսաբանումը պետք է կատարվի այդ թվում նաև հասարակական հեռուստաալիքով: Սպառողները պետք է տեղեկացվեն այն մասին, թե ինչ կարելի է գնել, իսկ ինչ` ոչ, իսկ համապատասխան մարմինները, որոնք պետք է հետևեն սննդամթերքի որակին, պետք է խստացնեն հսկողությունը»,- նշել են միության ներկայացուցիչները:

Ինչպես իրավիճակը մեկնաբանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առնթեր սննդամթերքի անվտանգության բաժնի ղեկավար Արթուր Վարժապետյանը, Արամավիրի և Արարատի մարզերի արտադրանքի լաբորատոր վերլուծությունը վերջերս է ավարտվել, և ոչ մի խախտում չի հայտնաբերվել: «Մենք իրականացրել ենք կանաչեղենի, կարտոֆիլի, սոխի և սխտորի մոտ 14 փորձաստուգում, և ոչ մի դեպքում վնասակար նյութեր չենք հայտնաբերել»,- նշել է Վարժապետյանը` միաժամանակ նշելով, որ նախարարությունը ՍԱՄ կատարած վերլուծությունների արդյունքների մասին ոչ մի տեղեկություն չի ստացել:

Ինչ վերաբերում է ջերմոցային վարունգների և լոլիկի վերլուծությանը, սննդամթերքի անվտանգության բաժնի ղեկավարը խոստացել է անձամբ հետևել փորձանմուշների հավաքին և լաբորատոր վերլուծությանը, ինչի արդյունքների մասին անմիջականորեն կտեղեկացնի ԱրմԻնֆո գործակալությանը:

Հետաքրքրաշարժ է, որ Լևոն Աճեմյանին զարմացրել է այն, որ իրավիճակը մեկնաբանել մենք խնդրել ենք այն պետպաշտոնյային, ով կոչված է իրականացնել սննդամթերքի անվտանգության մոնիթորինգը: «Իսկ դուք մեզ չեք հավատում»,- հետաքրքրվել է ՍԱՄ ներկայացուցիչը:

Պաշտոնական կառույցների և հասարակական կազմակերպությունների վիճաբանություններում մեզ համար գլխավոր հարցը դեռևս հարցական է մնում: Ինչ ենք մենք ի վերջո ուտում, և սննդամթերքի որակի մասին ով է խաբում:

ՓՈՐՁԱԳԵՏ. ՆԵՐԿՐՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՒՄ ՈՒ ՄՐԳՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ ԿԱՆ
Panorama.am


Սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Արիստակեսյանն, ասուլիսում խոսելով ներկրված բանջարեղենի մասին, նշեց, որ դրանք հիմնականում տրանսգեն օրգանիզմներով են աճեցված:
Ասոցիացիայի նախագահի խոսքով, դա նշանակում է, որ բանջարեղենի կամ մրգի մեջ գենային միջամտություն է տեղի ունենում` բիզնեսի պահանջով:

«Տվյալ մթերքին տալիս են հատկություն, որ եղանակից չազդվի, տեսքը լավը լինի: Լոլիկի մասին շատ լավ գիտենք, խանութներում վաճառվող գեղեցիկ մրգերը… դրանք ռոբոտներ են, իսկ ռուսները դրանց «ֆրանկենշտեյն» են ասում»,-ասաց Մ. Արիստակեսյանը:

Ըստ նրա, գիտնականների մի մասը գտնում է, թե այդպիսի սնունդն անվտանգ է, սակայն մեծ մասը կարծում է, որ դրանք մարդու օրգանիզմի վրա լուրջ ազդեցություն են ունենում:

Խոսելով տեղական մրգի ու բանջարեղենի մասին, Մ. Արիստակեսյանը նշեց, որ «նորմալ» տեղական միրգ ու բանջարեղեն կարելի է գնել: Սակայն նշեց, որ այժմյան ելակները և համային և տեսքի առումով տարբերվում են:

Ասոցիացիայի նախագահը սպառողին խորհուրդ տվեց գնել իսկական տեղական սորտերը` փոքր ու համեղ ելակները:

Մ. Արիստակեսյանը նկատեց, որ Հայաստանը չունի համապատասխան լաբորատորիա, որ ստուգի ներկրված սննդում տրանսգենի առկայությունը: Ասոցիացիան պահանջ է ներկայացրել մակնշման բովանդակության մեջ, որ մաքսային սահմանն անցնելուց անխտիր գրվի, որ սա տրանսգեն է պարունակում: Բացիա այդ նա նշեց, որ պետք է արգելել ներկրել տրանսգեն սերմեր:

Հունիս 07, 2010

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր